Այսօր սպառողնեիր իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հրավիրված մամլո ասուլիսում Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը նշեց, որ մեր երկրում այս օրը պաշտոնապես նշվում է 1998 թվականից: Ապա ավելացրեց, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ամրագրված են սպառողների իրավունքների վերաբերյալ ութ դրույթներ, որոնք մեր երկրում պահպանվում են ոչ ամբողջությամբ:
Այդ դրույթներից Սպառողների ասոցիացիա ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը մասնավորապես կարևորեց սպառողների «լսված լինելու», ինչպես նաև «պատշաճ, էկոլոգիապես մաքուր միջավայրում ապրելու» իրավունքները. «Այս իրավունքները մեր երկրում գրեթե չեն պահպանվում: Սպառողի ամեն մի բողոքի, ցանկության հիման վրա պետք է համարժեք քայլեր ձեռնարկվեն պետության կողմից: Արմեն Պողոսյանը նաև խոսեց ոլորտի դրական տեղաշարժերի մասին. «Եթե նախկինում մակնշված ձու կարելի էր հանդիպել սպառողների ասոցիացիայի չհրկիզվող պահարանում, ապա այսօր դժվար է խանութներում գտնել առանց մակնիշի ձու: Նրա հավաստմամբ, սակայն, խանութներում ընդհանրապես չի պահպանվում ապրանքների ժամկետը. «Վերջին անգամ կատարված ստուգումներից 40 խանութներից 18-ը տուգանվեցին, քանի որ ունեին ժամկետանց ապրանք»:
Փորձագետ Միլետա Արիստակեսյանն էլ ավելացրեց, որ վերջին շրջանում «Աշտարակ ձու» ընկերության կողմից շուկա է ներմուծվել սելենով հարստացված ձու, ընդ որում՝ առանց համապատասխան մակնշման. «Բազմիցս դիմել ենք ընկերությանը, որ համապատասխան մակնշում անեն, քանի որ սելենի ավել լինելը վտանգավոր է, պակաս լինելը` նույնպես»:
Իսկ թե ինչ պետք է անել, որպեսզի ազգաբնակչությունը հանգիստ կարողանա մտնել խանութ և գնումներ կատարի՝ Մելիտա Հակոբյանը փաստեց, որ պետք է ունենալ վստահելի շուկա. «Վստահելի շուկա կունենանք այն ժամանակ, երբ կունենանք հնարավորինս ցիվիլ սպառող: Իսկ դա մենք դեռևս չունենք: Օրական մենք ստանում ենք 2-4 գրավոր բողոք-դիմում, մինչդեռ բանավոր դիմումների թիվը հասնում է 80-ի: Հենց գործը հասնում է նրան, որ գրավոր ներկայացվի բողոքը, ոչ ոք չի համաձայնում»:
Վերջում էլ փորձագետ Ֆրունզե Հայթյանը անդրադարձավ 2011 թվականի մոնիտորինգի արդյունքներին. «5-6 ոլորտներում 1500-ից ավել մեծ ու փոքր կազմակերպություններ ենք ուսումնասիրել, որից 500-ը աշխատում են խախտումներով»:












































