Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերությունը (SOCAR) ամբողջովին վերականգնել է Ռուսաստանին ադրբեջանական գազի մատակարարումները: Այս մասին հայտնել է գործակալության՝ SOCAR-ում ունեցած աղբյուրը:
Վերջինիս խոսքերով՝ իրենք ավարտել են տեխնիկական բոլոր աշխատանքները, ինչն էլ հնարավորություն է տվել վերականգնել գազի մատակարարումը:
Նա հավելել է, որ գազի արտահանումը դեպի Ռուսաստան վերականգնվել է գիշերը և խնդիրներ չեն ծագել՝ կապված գազամատակարարման հետ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանին ադրբեջանական գազի մատակարարումները դադարեցվել էին մարտի 7-ին: Ռուսաստանը պլանավորել է 2012 թվականին ներկրել 3 միլիարդ խորանարդ մետր գազ:







































