Ռուսաստանի ընդդիմության «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովը տասնօրյա կալանքի է ենթարկվել: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է նրա փաստաբան Նիկոլայ Պոլոզովը: Որպես բողոքի նշան՝ընդդիմադիրը հայտարարել է չոր հացադուլ:
Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, Ուդալցովը մեղադրվում է Պուշկինի հրապարակում տեղի ունեցած ընդդիմության ակցիայի ժամանակ ոստիկանության աշխատակիցներին չենթարկվելու մեջ: Ավելի վաղ նույն ակցիայի համար տուգանվել էր բլոգեր Ալեքսեյ Նավալնին, սակայն նա մեղադրվել էր միայն չարտոնված հանրահավաքին մասնակցելու մեջ:
Պուշկինի հրապարակում ընդդիմության ցույցը տեղի է ունեցել մարտի 5-ին՝ նախագահական ընտրությունների հաջորդ օրը: Միջոցառումը համաձայնեցված է եղել քաղաքային իշխանությունների հետ: Ակցիայի ավարտից հետո մի խումբ ընդդիմադիրներ, այդ թվում Ուդալցովը և Նավալնին հրաժարվել են լքել հրապարակը:









































