Պաղեստինի ազգային ինքնավարության և ՖԱԹՀ շարժման առաջնորդ Մահմուդ Աբասը և ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախագահ Խալեդ Մաշաալը հաջորդ շաբաթ Կահիրեում կհանդիպեն և կփորձեն հարթել տարաձայնությունները միջպաղեստինյան հաշտության հարցում: Այս մասին հաղորդում է լոնդոնյան արաբալեզու «Al-Hayat» թերթը:
Աբասը և Մաշաալը Դոհայում փետրվարի 6-ին պայմանավորվել էին ձևավորել նոր անցումային կառավարություն նախքան Պաղեստինում ընտրությունների անցկացումը:
Պաղեստինյան ՖԱԹՀ և ՀԱՄԱՍ շարժումները 4 տարի տևած թշնամանքից հետո 2011 թ. մայիսի 4-ին Կահիրեում ստորագրեցին միջպաղեստինյան հաշտության պայմանագիր: Նրանք համաձայնության եկան ձևավորել անկախ թեկնածուներից կազմված միասնական կառավարություն, իսկ մեկ տարի հետո անցկացնել համընդհանուր ընտրություններ և հանդես գալ Գազայի և Հորդանան գետի Արևմտյան ափի բանտարկյալներին ազատ արձակելու օգտին:
Սակայն այդ պայմանավորվածությունը դադարեցվեց Պաղեստնի կառավարության ձևավորման հարցում առաջացած տարաձայնությունների պատճառով:
Երեկ Կահիրեում Մաշաալի տեղակալ Մուսա Աբու Մարզուկը և ՖԱԹՀ-ի Կենտրոնական կոմիտեի անդամ Ազզամ Ալ-Ահմադը խորհրդակցություն են անցկացրել հաշտության գործընթացն արագացնելու համար: Երկու կողմերն էլ հանդիպումից հետո խոստովանել են, որ որոշակի դժվարություններ կան «Դոհայի հռչակագիրն» իրագործելու և ընտրություններ անցկացնելու հարցում:
ՖԱԹՀ-ի բարձրաստիճան պաշտոնյաները պարբերականին պատմել են, որ բազմաթիվ խոչընդոտներ գոյություն ունեն պայմանավորվածությունը կատարելու համար, մասնավորապես ՀԱՄԱՍ-ի պահանջը՝ պահպանել իր ներկայությունը Գազայի հատվածում: Բացի այդ, ՀԱՄԱՍ-ը մինչ այժմ չի թույլատրում ԿԸՀ-ին անկլավի տարածքում սկսել ընտրությունների նախապատրաստման աշխատանքները:
Իր հերթին Աբու Մարզուկը ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել է պաղեստինյան համերաշխությանը խոչընդոտելու մեջ:
«ԱՄՆ-ը և Իսրայելը ՀԱՄԱՍ-ի համար տեղ չեն գտնում Պաղեստինի ապագայի ձևավորման գործում: Նրանք փորձում են նրան հեռու պահել Պաղեստինի քաղաքական համակարգից՝ փորձելով թույլ չտալ նրան մասնակցել գալիք ցանկացած ընտրությունների»,- ասել է ՀԱՄԱՍ-ի փոխնախագահը:










































