Այսօր վերստին հայտարարվել է այն մասին, որ ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունն ու «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարությունը կառավարության միջնորդությամբ վերջապես կնքել են «Արմավիա»-ի և «Զվարթնոց»-ի միջև առաջացած թնջուկից դուրս գալու շուրջ համաձայնագիր: Թե որքան կտևի այդ համաձայնությունը՝ դժվար է ասել: Բայց մի քանի օր տևած այդ խնդիրը լավագույնս ի ցույց դրեց Հայաստանի օդային ուղևորափոխադրումների ոլորտում առկա, մեղմ ասած, անմխիթար իրավիճակը:
Հատկանշականը, սակայն, այն է, որ ակտիվ քննարկումների, մամուլի ակտիվ անդրադարձների, նաև կողմերի՝ ինչ-որ տեղ սկանդալային հայտարարությունների, վերլուծությունների ու ենթադրությունների բովում անտեսված կամ հիմնականում անտեսված մնաց մի հարց՝ «Արմավիա» ազգային ավիափոխադրողի մենաշնորհային կարգավիճակի հարցը: Փաստացի հայկական ավիափոխադրումների շուկայում չկա մրցակցություն, քանի որ պետությունը մենաշնորհը տվել է «Արմավիա»-ին: Այսօր առաջացած խնդիրները ցույց տվեցին, որ «Արմավիա»-ն չի կարողանում օգտագործել իր մենաշնորհային դիրքը և կայուն ու զարգացող ֆինանսական քաղաքականություն վարել: Այլապես ավիաընկերությունը օդանավակայանից չէր պահանջի իջեցնել սպասարկման գինը՝ սպառնալով սնանկ հայտարարել իրեն:
Այսինքն՝ ակնհայտ է, որ մրցակցության բացակայությունը Հայաստանի ազգային ավիափոխադրողի գործունեության վրա ոչ միայն բարերար ազդեցություն չի թողել հեռանկարային տնտեսվարման իմաստով, այլ նաև Հայաստանում օդային ուղևորափոխադրումների ոլորտում նպաստել է բավական լճացած ու վտանգավոր իրավիճակի ձևավորմանը: Այդ ամենը շատ նման է կապի ոլորտում ժամանակին «Արմենտել»-ին տված մենաշնորհին, երբ տարիների ընթացքում այդ մենաշնորհը Հայաստանի համար դարձավ ռազմավարական կարևորության ոլորտում ուղղակի սուր ճգնաժամի և ճահճային վիճակի պատճառ: Ի վերջո իրավիճակը հաջողվեց հաղթահարել միայն մրցակցային զարգացումների շնորհիվ, երբ Հայաստան եկավ երկրորդ օպերատորը:
Ներկայումս գրեթե նույն հետընթաց վիճակն է օդային ուղևորափոխադրումների ոլորտում, որը, իհարկե, նույնպես գերկարևոր ոլորտ է Հայաստանի համար: Բայց, չգիտես ինչու, առկա թնջուկների ֆոնին չափազանց քիչ է քննարկվում ոլորտի մրցակցայնության, ազատականության խնդիրը, որպեսզի հնարավորություն տրվի Հայաստանում նոր ավիաընկերություններ բացել: Այդ հնարավորության պարագայում կասկած չկա, որ կգտնվեն ներդրողներ, որոնք կփորձեն գործունեություն ծավալել շուկայում, ինչի շնորհիվ օդային ուղևորափոխադրումների ոլորտը Հայաստանում կարող է որակական աճ արձանագրել և դուրս գալ, այսպես ասած, «մեռյալ կետից»: Հետևաբար ներկայումս խնդիրների խնդիրը թերևս այն է, որ «Արմավիա»-ի մենաշնորհային դիրքը պետք է հաղթահարվի, և ոլորտում պետք է մրցակցության համար նպաստավոր պայմաններ ստեղծվեն:
Պետք է իսկապես քննարկել հարցը, թե Միխայիլ Բաղդասարովի սեփականությունը հանդիսացող ընկերությանը ազգային ուղևորափոխադրումների մենաշնորհ տալու որոշումը ինչքանով է արդարացրել իրեն, ինչքանով է նպաստել ոլորտում որակի և արդյունավետության բարձրացմանը, ինչ դինամիկա է ապահովել տարիների ընթացքում, ռազմավարական ինչ կարևոր ձեռքբերումներ է արձանագրել ոլորտում: Ակնհայտ է, որ այստեղ իսկապես կա քննարկելու, իսկապես կա բանիմաց մասնագետների, տնտեսագետների և ֆինանսիստների մասնակցությամբ լայն դիսկուրս ծավալելու անհրաժեշտություն: Այլապես օդանավակայանի և «Արմավիա»-ի միջև կնքված համաձայնությունը կարող է լինել խնդրի լոկալ լուծում, սակայն չի կարող նպաստել իրավիճակի ռազմավարական հանգուցալուծմանն ու զարգացմանը:









































