Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանցի պատգամավորները տարբեր կարծիքներ են հայտնել երեկ խորհրդարանում նախագահ Մահմուդ Ահմադինեժադի տված պատասխանների կապակցությամբ:
Հիշեցնենք, որ 1979 թվականի իսլամական հեղափոխությունից ի վեր առաջին անգամ երկրի նախագահը երեկ կանչվել էր խորհրդարան՝ իրանցի խորհրդարանականներին հուզող մի շարք խնդիրների շուրջ պարզաբանումներ տալու համար:
Ահմադինեժադը երեկ խորհրդարան էր եկել իր 9 խորհրդականների ու տեղակալների հետ, իսկ խորհրդարանում ներկա են գտնվել 200 խորհրդարանականներ և ԶԼՄ-ների 245 ներկայացուցիչներ:
Ահմադինեժադի ելույթի հետ կապված՝ խորհրդարանական Մոսթաֆա Կևակեբիանը հայտարարել է, որ նախագահը խորհրդարանականների ուղղած հարցերին չի տվել որևէ լուրջ և հիմնավոր պատասխան: Նա հավելել է, որ Ահմադինեժադը միտումնավոր խեղաթյուրել է իրեն ուղղված հարցերի բովանդակությունը և մի շարք դեպքերում եղել է խորհրդարանականներին վիրավորանք հասցնելու սահմանին:
Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին իր հերթին հայտարարել է, որ խորհրդարանը կատակների և սարկազմի տեղ չէ: Միևնույն ժամանակ, մի շարք խորհրդարանականներ սպառիչ են համարել Ահմադինեժադի տված պատասխանները:
Օրինակ՝ Բիժան Նուբավեհը հայտարարել է, որ խորհրդարանի տվյալ նստաշրջանը ողջ աշխարհին ապացուցեց, որ երկրի խորհրդարանն ու կառավարությունը պատասխանատվությամբ են մոտենում իրենց պարտականություններին: Նա հավելել է, որ խորհրդարանի նիստում նախագահի ներկայությունն ու նրա տված պատասխանները բավարարել են խորհրդարանականների մի մասին:









































