Որքանո՞վ կազդեն Վլադիմիր Պուտինի վերընտրությունն ու Միացյալ Նահանգներում մեկնարկած նախագահական ընտարշավը Հարավային Կովկասում ծավալվող իրադարձությունների վրա: Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով` ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա տարաձայնությունները կշարունակեն հրատապ մնալ նաև Պուտինի պաշտոնավարման երրորդ ժամկետի վեց տարիներին: Կովկասում պաշտոնական Վաշինգտոնի և Մոսկվայի տարաձայնությունների հիմնական թեման, սակայն, շարունակելու է մնալ Վրաստանը,- հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Վրաստանի խնդրում Մոսկվայի և Վաշինգտոնի տեսակետները տրամագծորեն հակառակ են: Դրա հետ մեկտեղ, երկու երկրներն էլ պատրաստ են համագործակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում»,- նշում է Մարկեդոնովը «Ազատություն» ռադիոկայանի համար պատրաստած մեկնաբանության մեջ:
Քաղաքագետի խոսքերով, եթե Ղարաբաղի խնդրում լուրջ տարաձայնություններ չկան, ապա վրաց-ռուսական հակամարտությունը Միացյալ Նահանգներում նաև որոշակի ներքաղաքական հնչեղություն ունի։ «Սոցիոլոգիական բոլոր հարցումները վկայում են, որ այժմ Բարաք Օբաման վերընտրության շատ ավելի լուրջ հեռանկարներ ունի, քան նախկինում: Դրա հետ մեկտեղ, անգամ հաղթանակի պարագայում Օբաման չի կարողանա անտեսել հանրապետականների այն մոտեցումը, որի համաձայն` Վլադիմիր Պուտինի վերընտրությունը լուրջ մարտահրավեր է ամերիկյան ազգային շահերին: Հարկ է նկատել, որ վրացական թեման հանրապետականների նախընտրական հռետորաբանության ոչ առանցքային, բայց շատ կարևոր մասնիկն է: Այնպես որ, Օբաման, ուզի թե չուզի, պետք է արձագանքի իր հակառակորդների այն քննադատությանը, թե Վաշինգտոնը «վաճառում է» ժողովրդավարության արժեքները` այժմեական քաղաքական շահից դրդված»։
Ամեն դեպքում, ըստ Մարկեդոնովի, առաջիկայում Հարավային Կովկասը սպասողական վիճակում կլինի:
«Պուտինը դեռ չի ընտրել, թե ինչն է իր համար գերադասելի` քաղաքական միջավայրի սառեցո՞ւմը, թե՞ չափավոր բարեփոխումները։ Նրա այդ ընտրությունն էլ կկանխորոշի ռուս-ամերիկյան հարաբերությունների հետագա ընթացքը։ Իսկ այդ ընթացքից Հարավային Կովկասում չափազանց շատ բան է կախված»,- համոզված է ռուսաստանցի քաղաքագետը։








































