Կոլումբիայի իշխանությունները Պերուում իրենց դեսպան Խորխե Անիբալ Վիսբալի ձերբակալության կարգադրություն են տվել: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Կոլումբիայի գլխավոր դատախազությանը:
Նշվում է, որ Վիսբալն արդեն հրաժարական է տվել և առաջիկայում պետք է որոշվի նրա՝ հայրենիք վերադառնալու և կալանքի տակ վերցվելու հարցը:
Նման որոշման համար հիմք են հանդիսացել այն տեղեկությունները, թե 2003-2006 թթ. նա կապ է ունեցել այսպես կոչված՝ Կոլումբիայի ինքնապաշտպանության միավորված ուժերի հետ:
Այդ աջ ահաբեկչական կազմակերպությունը ժամանակին ստեղծվել է կոլումբիական հատուկ ծառայությունների կողմից՝ Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի ձախ ապստամբների դեմ պայքարելու համար, սակայն հետագայում դուրս է եկել իշխանությունների վերահսկողության տակից:
Զինված խմբավորումների հետ Վիսբալի կապերի մասին հայտն է դարձել ապստամբների ղեկավարների հետ նրա բազմաթիվ հանդիպումների մասին վկայություններից հետո:
Իշխանությունների ենթադրությամբ՝ Վիսբալը, ամենայն հավանականությամբ, ապավինում էր նրանց աջակցությանը՝ 2006 թ. նախագահական ընտրություններում Ալվարո Ուրիբեի հաղթանակն ապահովելու համար: Սյդ ժամանակ Վիսբալը զբաղեցնում էր Կոլումբիայի անասնապահական տնտեսությունների միավորման նախագահի պաշտոնը: Ներկայիս նախագահ Խուան Մանուել Սանտոսի իշխանության գալուց հետո Վիսբալը 2011 թ. սկզբին նշանակվեց Պերուում Կոլումբիայի դեսպան:










































