ԱՄՆ-ում սատկել է «2011թ.-ի աշխարհի ամենատգեղ շունը»: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը` հղում կատարելով շան տիրոջը` Թերրի Շումախերին: «Նրա մասին հիշատակը ընդմիշտ կմնա մեզանում»,- ասել է Շումախերը:
Յոդա անունով շունը 15 տարեկան էր: Անցած տարվա հունիսին Յոդան հաղթել էր Կալիֆոռնիայում ամեն տարի անցկացվող «Ամենատգեղ շների մրցույթ»-ում: Շունը ժյուրիի անդամներին «գերել էր» իր ծուռ քթով, ծռված ողնաշարով և բերանից տգեղ կախված լեզվով: Նրա ականջները ծածկված չէին մազով, իսկ մարմնի մյուս մասերի մազածածկույթը գզգզված էր և սանրելու ոչ ենթակա:
Շան շնորհիվ Յոդայի տերը ստացել էր հազար դոլար պարգևատրում և գլխավոր մրցանակը: Շումախերը կենդանուն գտել էր փողոցից և սկզբում կարծել է, թե դա առնետ է: Նրա քաշը մոտ մեկ կիլոգրամ էր:







































