Սիրիայում մոտ 1,4 միլիոն մարդ սննդի կարիք ունի և կանգնած է սովի վտանգի առաջ: Այսպիսի եզրակացության է եկել ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«2011թ.-ի մարտից Սիրիայում չդադարող բախումները լուրջ անհանգստություն են առաջացնում պարենային անվտանգության տեսակետից, հատկապես թիրախային խմբերում»,- ասվում է այդ կազմակերպության քարտուղարության հայտարարության մեջ:
Որպես թիրախային խմբեր նշվում են Հոմս, Համա, Դամասկոս, Դարաա, Իդլիբ քաղաքների և նրանց մերձակա ավանների բնակիչները, որտեղ շարունակվում են հակակառավարական ուժերի և բանակի բախումները:
Նշվում է, որ հացահատիկի արտադրությունը Սիրիայում կրճատվել է 10%-ով: «Հակամարտության շարունակման պատճառով շատ գյուղացիներ չեն կարողացել բերքահավաք կատարել»,- ասվում է հայտարարության մեջ: Կազմակերպությունը կանխատեսում է, որ 2012թ.-ին Սիրիան պետք է մոտ 30%-ով ավելացնի հացահատիկի գնումն արտասահմանից:











































