Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հետազոտությունը պարզել է, որ Ռուսաստանում արձանագրվել է ընտրությունների արդյունքների նկատմամբ հավատի անկում. եթե նախորդ հարցումների ժամանակ դրանց հավատում էին ռուսաստանցիների ավելի քան կեսը, ապա այժմ այդ թիվը նվազել է մինչև 44%: Այս մասին հաղորդում է Kommersant-ը:
2004թ.-ի նախագահական ընտրությունների համեմատ, երբ Պուտինը երկրորդ անգամ էր ընտրվել նախագահ, այս թիվը նվազել է 9%-ով: 4%-ով ավելացել է նրանց թիվը, ովքեր հնարավոր են համարում, որ ընտրությունների ժամանակ եղել են կեղծիքներ` կազմելով 34%, իսկ 14%-ը (2004թ.-ի համեմատ աճել է 6%-ով) կարծում է, որ ընտրությունների արդյունքներին չի կարելի վստահել:
Միաժամանակ նշվում է, որ ընտրությունների թափանցիկության մեծացման ջանքերը որոշակի արդյունք տվել են. «Ընտրողների լիգայի» ստեղծումը և դիտորդների զանգվածային նախապատրաստումը 61% ռուսաստանցիները դրական են գնահատել: Հարցվածների 69%-ի կարծիքով` ընտրությունների թափանցիկությանը նպաստել է նաև ընտրական տեղամասերում տեսախցիկների տեղադրումը:











































