Երեկ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Վիկտորյա Նյուլանդը հայտարարել է, որ Ռուսաստանի ու Չինաստանի և ԱՄՆ դիրքորոշումները մերձենում են Սիրիայի հարցի համատեքստում, ինչը նշանակում է, որ մերձավորարևելյան այդ երկրի նկատմամբ ճնշումները գնալով կմեծանան: Այս մասին հաղորդում է պետքարտուղարության կայքը:
«Ռուսաստանի և Արաբական լիգայի երկրների կողմից մշակված ներսիրիական կարգավորման 5 կետանոց ծրագիրը վկայում է ՌԴ դիրքորոշման մեջ դրական փոփոխությունների մասին: Մեր դիրքորոշումների միջև անդունդը կրճատվում է:
Այժմ արդեն կարելի է լսել թե՛ Ռուսաստանի, թե՛ Չինաստանի հայտարարությունները, համաձայն որոնց՝ իրենք շահագրգռված չեն պաշտպանելու Բաշար Ալ-Ասադին, իրենք շահագրգռված են միայն բռնության դադարեցման հարցում: Այս նպատակին դեռ չենք հասել, սակայն մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, և մեր գործողություններում ավելի մեծ միակարծություն է նկատվում»,- ասել է Նյուլանդը:
Նա ասել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՊԼ երկրների արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ, ինչպես նաև ելույթ ունենալով ՄԱԿ-ի ԱԽ-ում, հասկացրել է, որ Ռուսաստանը չի ցանկանում ստանձնել բռնությունները խրախուսողի դեր:
«ԱՄՆ և Ռուսաստանի միջև դեռ կան մարտավարական տարաձայնություններ Սիրիայում հակամարտության դադարեցման հարցում, սակայն մենք ձգտում ենք կրճատել դրանք»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակը:











































