Մարտի 13-ին Հայաստանի նկարիչների միությունում սկսվել է «Տասը» խորագրով խմբային ցուցահանդեսը։ Խորագիրը պատահաբար չէ ընտրված, քանի որ ներկայացված են տասը նկարիչների աշխատանքներ՝ Արմեն Ամիրաղյան, Անդրեյ Գասոյան, Արման Վահանյան, Լևոն Աբրահամյան, Ռաֆայել Մեգալ, Հարություն Ավագյան, Սուրեն Սաֆարյան, Վահագն Գալստյան, Վահագն Թադևոսյան, Վանանդ Շիրազ։ Մինչ այս նրանք մասնակցել են անհատական մի շարք ցուցահանդեսների՝ հանրապետությունում և արտասահմանում։ Գեղարվեստի բնագավառում նույնպես ունեն ներկայացված նախագծեր, և սա նրանց առաջին համագործակցությունն է։
Ըստ նկարիչ Արման Վահանյանի՝ ցուցահանդեսի յուրահատկությունն այն է, որ կոնկրետ նպատակներ չի հետապնդում. «Մենք պարզապես ընկերներ ենք։ Ունենք ընդհանուր մոտեցում արվեստի հանդեպ. միայն դա է պատճառը, որ որոշեցինք միավորվել»։ Նա նշեց, որ ցուցահանդեսում ներկայացված են իր նկարներից չորսը վերացական են և չունեն կոնկրետ բովանդակություն։
«Այս ցուցահանդեսի շրջանակներում ներկայացրել ենք մեր վերջին շրջանի գործերը։ Ցուցադրված նկարները չունեն ընդհանուր բովանդակություն։ Սկսվում են աբստրակցիայից և հասնում մինչև ռեալիզմ»,- ավելացրեց Սուրեն Սաֆարյանը։ Նրա կարծիքով՝ ցուցահանդեսը յուրահատուկ է նրանով, որ կարողացել են մի սրահում համատեղել միմյանցից այդքան տարբեր գործեր. «Չնայած այս փաստին, յուրաքանչյուր նկարիչ այստեղ իրեն յուրահատուկ կերպով ներկայացնելու հնարավորություն ունի։ Ես ինքս ներկայացրել եմ վեց նկար»։
Ցուցահանդեսում ներկայացված է մոտ 70 նկար, որոնք նախատեսված են նաև վաճառքի համար, սակայն մինչ օրս որևէ նկար չի վաճառվել։









































