Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդի` Կուբա ժամանելու նախօրեին Ազատության կղզու իշխանությունները թույլատրել են Հավանայի արքեպիսկոպոսին ժողովրդին դիմել հեռուստաուղերձով:
Ժամուկեսանոց ծրագրի գլխավոր ու միակ հերոսը կարդինալ Խայմե Օրտեգան էր, որը երեքշաբթի երեկոյան ցուցադրվել է «Կուբավիսիոն» ալիքով:
Կարդինալի խոսքով`Հռոմի Պապը ցանկանում է կղզի այցելել որպես «ուխտավոր»` հարգանքի տուրք մատուցելու երկրի հովանավոր Սուրբ կույսին՝ Կոբրեին:
Հաջորդ շաբաթ նույն հեռուստաալիքով եթեր կհեռարձակվի նմանատիպ հեռուստահաղորդում` նվիրված կղզու կրոնական կյանքին:
Հռոմի Պապը, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, մարտի 26-ին Մեքսիկայից կժամանի Սանտյագո: Այնտեղ տեղի կունենա Պապի ընդունելության հանդիսավոր արարողությունը, որին կմասնակցեն Ռաուլ Կաստրոյի ղեկավարած կառավարության անդամներն ու հոգևորականները: Այնուհետ նա կայցելի «Էլ Կոբրե» տաճար, որտեղ կհանդիպի կղզու ղեկավարության ու բարձրաստիճան հոգևորականության անդամների հետ:







































