Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը մարտի 15-27-ը Երևանի 8 բարձրագույն ուսումնական հաստատություններում հանդես կգան «Երիտասարդները երիտասարդների համար» համատեղ նախագծով:
Այս համերգները նշանավորում են հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակը:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, «Hollywood Non-Stop» խորագրով կներկայացնի արդեն դասական համարվող «Խիզախ սիրտը», «Վեստսայդյան պատմություն», «Կարիբյան ծովի ծովահենները» և այլ հոլիվուդյան հայտնի ֆիլմերի երաժշտությունը, ինչպես նաև ամերիկյան կոմպոզիտորական արվեստի վառ ներկայացուցիչներ Ջորջ Գերշվինի, Լեոնարդ Բերնշտեյնի, Ջոն Վիլիամսի և այլ հանրահայտ կոմպոզիտորների երկերը:
Այս համատեղ ծրագիրն ունի մեկ նպատակ` հարուստ և հագեցած երաժշտությամբ հայ երիտասարդությանը ավելի մոտեցնել և հաղորդակից դարձնել ամերիկյան երաժշտարվեստին:
«Hollywood Non-Stop» խորագրով համերգաշարի առաջին համերգը տեղի կունենա մարտի 15-ին ժամը 14:00-ին` Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի մեծ դահլիճում (2-րդ հարկ):
Ծրագրում նախատեսվում են`John Williams – Theme from the Movie «Schindler’s List», Ջոն Վիլյամս – Երաժշտություն ‹‹Շինդլերի գրառումները›› կինոֆիլմից, John Williams – Theme from the Movie «Star Wars», Ջոն Վիլյամս – Երաժշտություն ‹‹Աստղային պատերազմներ›› կինոֆիլմից, John Williams – Theme from the Movie «Harry Potter», Ջոն Վիլյամս – Երաժշտություն ‹‹Հարի Փոթեր›› կինոֆիլմից և մի շարք այլ կինոֆիլմեր:








































