Սիրիայի անվտանգության ուժերին հաջողվել է բռնել մի քանի ահաբեկիչների, որոնք օրեր առաջ Հոմսում սպանել էին 47 մարդու՝ կին և երեխա: Այս մասին հաղորդում է պետական Suriya հեռուստաալիքը:
Ձերբակալվածների թիվը չի հրապարակվել, սակայն տեղեկացվել է, որ մոտ օրերս կբացահայտեն զինված ծայրահեղականների ձերբակալության մանրամասները, որոնց թվում կան վարձկաններ արաբական այլ երկրներից:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ հեռուստատեսությամբ ցուցադրվել էին արյունալի սպանդի տեսարաններ՝ 47 կնոջ և երեխաների անչունչ մարմիններ: Պաշտոնական Դամասկոսը կատարվածի պատասխանատվությունը դրել է ծայրահեղական զինված խմբավորումների վրա: Սիրիայի ազգային խորհուրդն իր հերթին կատարվածի համար մեղադրում է Սիրիայի իշխանություններին:
Այսօր Sana պետական գործակալությունը հաղորդել է Հոմսում զինյալների իրականացրած նոր հանցագործությունների մասին: Քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 12 արնաշաղախ մարմին, տասնյակ դիակներ հայտնաբերվել են Աշիր թաղամասից հյուսիս գտնվող ֆերմայում: Բռնության հետքերով դիակներ են հայտնաբերվում քաղաքի ծայրամասերի նկուղներում և ավտոտնակներում:
Սիրիական անկախ «Al-Watan» թերթը գրում է, որ Քարամ էլ-Լոզե թաղամասում, որտեղ գտնվում էր ապստամբների շտաբը, եղել է հատուկ ստուդիա, որն օգտագործվել է գերի ընկած սիրիացի զինվորների և սպաների նկարահանումների համար: Մասնավորապես, մահվան սպառնալիքի տակ նրանց ստիպել են հայտնել, որ անցնում են ապստամբների կողմը:







































