Ռուսաստանի «Ժողովրդական ազատություն» կուսակցության համանախագահ Միխայիլ Կասյանովը չի բացառում, որ Ռուսաստանում անցկացվեն Պետդումայի արտահերթ ընտրություններ: «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում նա հավանական է համարել խորհրդարանի ցրումը և նոր ընտրությունների անցկացումը, եթե երկրում քաղաքական համակարգը բարեփոխվի:
Նրա խոսքերով՝ դրա համար անհրաժեշտ է բողոքի ցույցերի միջոցով շարունակել ճնշումն իշխանությունների վրա: Ռուսաստանի նախագահական ընտրությունների արդյունքներին են նվիրված Եվրախորհրդարանում մարտի 12-14-ն անցկացվող քննարկումները: Դրան մասնակցելու համար Միխայիլ Կասյանովի հետ Ստրասբուրգ են ժամանել նաև ընդդիմադիրներ Սերգեյ Միտրոխինը և Գարի Կասպարովը:











































