ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ ՀՀԿ համագումարում նախագահի տնտեսական ելույթին չէր պատրաստվում անդրադառնալ, սակայն ելույթը լսելուց հետո անմիջապես տպավորությունն այն է եղել, որ բերված տվյալները չեն համապատասխանում իրականությանը:
Հ. Բագրատյանի խոսքով՝ երկու բան է ասված. ելույթն ուղղված է Քոչարյանին և ոչ թե Բագրատյանին, և այն կառավարության պատրաստած զեկույցն էր: «Ես Քոչարյանի պաշտպանը չեմ: Չեմ ընդունում, որ կենդանի ման է գալիս 2008-ին կատարածից հետո»,- ասաց Հ. Բագրատյանը` հավելելով, որ Սերժ Սարգսյանի ինտրիգը իրեն չի հետաքրքրում. «Ինչ գիտեք, որ կառավարությունն է գրել, ո՞վ գիտի, և եթե անգամ կառավարությունն է գրել, ելույթը կարդացել է Սերժ Սարգսյանը»:
Հ. Բագրատյանը նշեց՝ նախագահը կարծում է, թե երկրում աճ կա` չկա, բյուջեն ընդունվում է մի բան, կատարվում՝ այլ բան: Բյուջեի հաշվարկներում ևս աճ ցույց տալիս չեն հաշվում սղաճը: Հ. Բագրատյանը շեշտեց, որ ՀՀ բյուջեն տարեցտարի կրճատվել է. Ադրբեջանի բյուջեն 18 մլրդ դոլար է, ՀՀ-ինը` 2.5, մինչդեռ 1996-ին Ադրբեջանի բյուջեն ՀՀ բյուջեից 2 անգամ էր ավելի:
Ըստ նրա` աշխարհը լավ էլ զարգացել է, և տնտեսական ճգնաժամ չկա: 2010-ին աշխարհի տնտեսության աճը 5.1% էր, ՀՀ-ինը պաշտոնապես` 2.1%: ՀՀ-ում մոլիբդենի շրջանառությունը 2 մլրդ դոլար է, որից 1.7-ն է մտնում բյուջե, իսկ Ադրբեջանում նավթից ստացվող եկամուտը` 35 մլրդ դոլար, մտնում է կայունացնող հիմնադրամ:
«Մենք չունենք մարդկանց միգրացիա, ունենք մարդկանց արտահանում»,- ընդգծեց բանախոսը:
Անդրադառնալով ավանդներին` Հ. Բագրատյանը նշեց, որ 490 մլն դրամից դա հասել է 900 մլն-ի, բայց այդ աճը բանկերի միջոցով աշխատավարձերի փոխանցման արդյունքում է: Ըստ նրա` ներկայումս հետխորհրդայն տարածքում տեղի է ունենում բանկայնացում` զարգացվոմ է բանկային ոլորտը, և տարի է եղել, երբ ՌԴ-ում ավանդները կրկնապատկվել են, բայց դա չի նշանակում, որ մարդիկ լավ են ապրել. «Նույնիսկ Պուտինը չի ասում նման բան»:
Նախկին վարչապետը փաստեց, որ ավանդների միջին տարեկան աճը ՀՀ-ում շատ ավելի ցածր է, քան այլ երկրներում, և դա այն ցուցանիշը չէ, որով պետք է հպարտանալ:
«Եվ իրենք հասկանում են իրականությունը, իրենք չեն ուզում ունենալ լավ ապրող ժողովուրդ, որովհետև լավ ապրող ժողովուրդը չի գնա ընտրակաշառքի: Իսկ իշխանությունները դեմոկրատիզացիայի պատրաստ չեն»,- ասաց Հ. Բագրատյանը:





































