ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը չի պլանավորում Իրանին մատակարարել С-300 զենիթա-հրթիռային համալիրներ: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը.
«Մենք պահպանելու ենք ՄԱԿ ԱԽ-ի կողմից Իրանի հետ ռազմա-տեխնիկական համագործակցության վերաբերյալ բոլոր սահմանափակումները: ՄԱԿ ԱԽ-ի ընդունած բանաձևերին հետ կապված՝ Ռուսաստանի նախագահը համապատասխան հրաման է ստորագրել: Ես վստահեցնում եմ, որ այդ սահմանափակումները հստակորեն և խստորեն պահպանվում են, և Ռուսաստանը չի խախտել որևէ պատժամիջոցային սահմանափակում»:
Հիշեցնենք, որ 2007 թվականին Իրանն ու Ռուսաստանը ստորագրեցին պայմանագիրը, համաձայն որի՝ ռուսական կողմը պետք է Իրանին վաճառեր C-300 հակահրթիռային պաշտպանության համակարգեր: Պայմանագրի արժեքը կազմում էր 800 միլիոն դոլար:
Սակայն 2010 թվականին Ռուսաստանի տվյալ ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևը չեղյալ հայտարարեց այդ պայմանագիրը, իսկ իրանական կողմի տված կանխավճարը հետ վերադարձվեց: Որպես դրա պատճառ՝ նշվում էր ՄԱԿ ԱԽ-ի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերաբերյալ բանաձևի պահանջների կատարումը:











































