Ֆրանսիայի ոստիկանությունը խուզարկություն է կատարել Եվրոպայի ամենահարուստ կնոջ` L’Oreal-ի համասեփականատեր Լիլիան Բետանկուրի տանը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Խուզարկությունը կատարվել է հարկերից խուսափելու և քաղաքական կազմակերպություններին անօրինական կերպով ֆինանսավորելու գործի հետաքննության շրջանակում:
Խուզարկության ժամանակ ոստիկանությունը առգրավել է Բետանկուրի համակարգիչը: Գործակալության տվյալներով` հետաքննող մարմնին հետաքրքրում է Բետանկուրի էլեկտրոնային փոստը, ավելի կոնկրետ` նրա նամակագրությունը ֆինանսական կառավարչի հետ: Այլ մանրամասներ խուզարկությունից հայտնի չեն:
Լիլիան Բետանկուրը կասկածվում է այն բանում, որ 2007 թ. անօրինական կերպով 150 հազար դոլարով ֆինանսավորել է Ֆրանսիայի ներկայիս նախագահ Նիկոլա Սարկոզիի նախընտրական ծրագիրը: Այս պատմությունը, որի մեջ ներքաշված է նաև Ֆրանսիայի աշխատանքի նախկին նախարար Էրիկ Վերտը, քաղաքական մեծ աղմուկ է բարձրացրել:
Հիշեցնենեք, որ 2011 թ. Լիլիան Բետանկուրի տանը կատարավել էր խուզարկություն նույն գործի շրջանակում:
Նա համարվում է Եվրոպայի և աշխարհի ամենահարուստ կանանցից մեկը: Forbes ամսագիրը նրա կարողությունը գնահատում է 24 մլրդ դոլար:
2012 թ. փետրվարին Լիլիան Բետանկուրը հեռացավ L’Oreal-ի տնօրենների խորհրդից:









































