Որևէ այլ երկրում փոփոխությունների մասին նախագահական ելույթը կընկալվեր որպես լուրջ քաղաքական իրադարձություն: Ավելին` այլ երկրներում հասարակությունները պարզապես ականջալուր սպասում են նման ելույթների, պահանջում են նման ելույթներ ունենալ նախագահներից կամ նախագահի թեկնածուներից: Սակայն Հայաստանում հնչած այդպիսի ելույթը, Սերժ Սարգսյանի կատարմամբ՝ ՀՀԿ համագումարին, «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով, արժանացավ հասարակության բավական անլուրջ վերաբերմունքին:
Ընդ որում` հանուն արդարության պետք է նշենք, որ դա ոչ թե մեր հասարակության քաղաքական ճաշակի նվազ լինելու նշան է, ի տարբերություն իրենց գործիչներից փոփոխությունների մասին ելույթներ պահանջող և ակնկալող այլ հասարակությունների, այլ ապացույցն է մեկ այլ իրողության՝ խոսքը Հայաստանում վաղուց կորցրել է իր արժեքը: Ընդ որում` այդ կորստի գլխավոր պատասխանատուն, բնականաբար, իշխանությունն է, այդ թվում և` Սերժ Սարգսյանը: Տարիներ շարունակ միայն խոսելով, իսկ իրական կյանքում շարունակելով երկրի ռեսուրսները անձնական բարեկեցության համար խժռելու քաղաքականությունը, իշխանությունը արժեզրկել է խոսք հասկացությունը, հատկապես սեփական խոսքը:
Արտերկրում, կայացած քաղաքական համակարգերով, օրենքի և իրավունքի վրա հիմնված պետություններում, հանրությունը շատ լավ գիտե, որ քաղաքական գործիչը, առաջնորդը, նախագահը երբ ելույթ են ունենում, հետո արդեն հայտնվում են դրա համար թե՛ բարոյական, թե՛ նաև հարկ եղած դեպքում իրավական պատասխանատվության մեխանիզմի առաջ: Եվ երբ նրանից ելույթ են կորզում, ապա հստակ գիտեն, որ այդ ելույթին գործողություններն են հաջորդելու, այլապես տվյալ գործիչն ու նրա ներկայացրած կուսակցությունը կարող են առնվազն մինչև հաջորդ ընտրություն հրաժեշտ տալ իրենց իշխանական դիրքերին: Դրա համար էլ այնտեղ նախագահներից պահանջում են փոփոխությունների մասին ելույթներ:
Հայաստանում բոլորը վաղուց վստահ են, որ այդ ելույթները չունեն գրոշի արժեք, որ դրանցից հետո չի բխում որևէ պատասխանատվության մեխանիզմ՝ բարոյական, թե իրավական: Հետևաբար որևէ մեկին հետաքրքիր չէ, թե ինչ է խոսում Սերժ Սարգսյանը, ինչ փոփոխությունների մասին է ավետում կամ նախանշում: Մարդիկ, միևնույն է, համոզված են, ընդ որում` փորձով, նախադեպերով, որ նման ելույթները իրենց բուն կյանքի հետ որևէ կապ չունեն, իրենց տան հացը, երեխաների քաղցրեղենն ու հագուստը, ուսման վարձն ու առողջապահական կարիքները չեն հոգալու, իրենց խնդիրներին լուծում չեն տալու: Դրա համար էլ Հայաստանում Սերժ Սարգսյանի այդօրինակ ելույթները լուրջ ընկալող չկա, կան թերևս միայն լուրջ ներկայացնողներ՝ ի դեմս ՀՀԿ-ական նրա ենթակաների:
Բայց նրանք էլ երևի թե հասկանում են, թե որքան անլուրջ է այդ ամենը մի երկրում, որտեղ քաղաքական, բարոյական և իրավական պատասխանատվության մեխանիզմներ չկան և հնչող ելույթները ընդամենը հասարակության աչքին թոզ փչելու մեխանիզմին են ծառայում, որպեսզի այդ աչքերը հնարավորինս վատ տեսնեն, թե ինչպես է իշխանությունը ծառայում այդ մարդկանց և նրանց հարազատների անձնական բարեկեցությանը: Եվ եթե երկրում ինչ-որ բան դեպի լավը փոխվում է, ապա այդ անձանց բարեկեցության աստիճանը: Պարզապես Սերժ Սարգսյանի ելույթներին անասելի լրջություն հաղորդելը ՀՀԿ-ականների մասնագիտական պարտքն է, նրանք դրանով են, այսպես ասած, «տուն պահում»:








































