Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշն, ըստ էության, էապես պայմանավորված է ՀՆԱ աճով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց, որ եթե դիտարկենք վերջին 10 տարին, ապա կտեսնենք, որ ՀՀ ՀՆԱ-ն «բավականին մեծ աճի տեմպեր է ունեցել»՝ մինչև 2007 թ. եղել է երկնիշ տնտեսական աճ, 2008-ին՝ մոտ 7%, 2009-ին՝ կապված համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ՝ ունեցել ենք մոտ 14% նվազում, իսկ 2011-ին՝ մոտ 2% և անցած տարի 4.6% աճ: Ըստ Գ. Մինասյանի՝ դրա հետ կապված էլ փոփոխվել է 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն, և փոփոխության դինամիկան ուղղակիորեն կապված է ՀՆԱ-ի դինամիկայի հետ:
«Եթե մենք խոսենք 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի դինամիկայի մասին, պետք է ասենք, որ այստեղ կա մի հարց, որ հատուկ ուշադրության առարկա պետք է դառնա. մի հարց է, եթե ունենք ՀՆԱ, որը հիմնականում հենված է մեկ կամ մի քանի արտադրատեսակների վրա, և բոլորովին այլ իրավիճակ է, երբ ունենք դիվերսիֆիկացված տնտեսություն, որտեղ ՀՆԱ-ն առաջանում է բազմաթիվ ապրանքների շնորհիվ: Ինչո՞ւ է սա չափազանց կարևոր: Որովհետև այն, ինչ տեղի ունեցավ 2009 թ., մեզ ցույց տվեց, որ մեր դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակն իր մեջ պարունակում է բավականին լուրջ ռիսկեր, և այդ տեսակետից նախորդ նվաճումները շատ ուրախալի և հաճելի նվաճումներ էին, բայց չունենալով բավականին մեծ դիվերսիֆիկացիա, մենք ունեինք բավականին վտանգավոր ռիսկեր»,- ասաց Գ. Մինասյանը՝ նշելով, որ ճգնաժամից հետո վերագնահատել և կարևորվում է ավելի մեծ դիվերսիֆիկացիայի ստեղծումը, որը թույլ կտա տնտեսությունում ունենալ իրավիճակ, որը պակաս խոցելի կլինի և 1 շնչին ընկնող ՀՆԱ անկումը ճգնաժամերի պարագայում կլինի շատ ավելի համեստ, իսկ վերականգնումը կլինի արագ:








































