Երկար ժամանակներ Լեոնարդո դա Վինչիի «Անգիարի մոտ ճակատամարտ» անհետացած համարվող որմնանկարը հայտնաբերվել է Ֆլորենցիայի Պալլացո Վեկկո պալատում: Այս մասին հաղորդում են իտալական լրատվամիջոցները` հղում անելով արվեստագետներին: Մասնագետներն աշխատանքը հայտնաբերել են պալատում աշխատանքներ կատարելու ժամանակ: Պարզվել է, որ դա Վինչիի որմնանկարը ծածկված է եղել Ջորջիո Վազարիի «Մարչիանոյի մոտ ճակատամարտ» որմնանկարով։
Հայտնի է, որ դա Վինչին որմնանկարը ստեղծել է Ֆլորենցիայի իշխանությունների պատվերով և որպես թեմա ընտրել է 1440 թ. ֆլորենտական և միլանյան բանակների միջև տեղի ունեցած ճակատամարտը, որտեղ, չնայած քանակական առավելությանը, միլանցիները ջախջախիչ պարտություն են կրել: Ըստ ժամանակակիցների հիշողությունների` որմնանկարը սկսել է քանդվել դեռևս աշխատանքի ընթացքում և իր ստեղծումից 70 տարի անց փոխարինվել է Ջորջիո Վազարիի որմնանկարով:
Այնուամենայնիվ, 1975 թվականից իտալացի արվեստագետ Մաուրիցիո Սերաչին ենթադրել է, որ Վազարին չի վերացրել դա Վինչիի որմնանկարը, այլ երկու որմնանկարների միջև տարածք է թողել: Իր ամբողջ կյանքի ընթացքում նա հետազոտություններ է իրականացրել՝ փորձելով ապացուցել իր ենթադրության ճշմարտացիությունը:









































