Սաուդյան հազարավոր ուսանողները չեն մասնակցել դասերին՝ այդպիսով արտահայտելով իրենց բողոքը համալսարանի վարած քաղաքականության դեմ։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Հալիդ թագավորի համալսարանի կանանց բաժնի ուսանողները մարտի 10-ին բաց են թողել դասերը: Դեպքի ականատեսների խոսքերով՝ աղջիկներն այդ կերպ ցանկացել են ուշադրություն հրավիրել համալսարանի տարածքում հավաքված աղբի վրա, որն, իրենց կարծիքով, ցույց է տալիս բուհի ղեկավարության արհամարհական վերաբերմունքն իրենց հանդեպ:
Սա ուսանողուհիների բողոքի առաջին ակցիան չէ: Մարտի 7-ին աղջիկներն արդեն իսկ փորձել էին ուշադրություն գրավել ուսման ոչ պատշաճ պայմանների վրա: Բողոքի ակցիային մասնակցել էր մի քանի հարյուր մարդ: Սակայն ակցիան ոստիկանները ցրել էին: Reuters-ը հաղորդում է, որ ոստիկանական գործողությունների արդյունքում տուժել է ավելի քան 50 ուսանողուհի:
Ուսանողների գլխավոր պահանջը ռեկտորի հրաժարականն էր: Ասիր ծայրամասի ղեկավարը, որտեղ գտնվում է բուհը, խոստացել է միջադեպը հետաքննել և ամենայն ուշադրությամբ վերաբերվել սովորողների պահանջներին:
Կրոնական առաջնորդների և երկրի օրենքների առանձնահատկությունների պատճառով Սաուդյան Արաբիայում կանանց իրավունքները խիստ սահմանափակ են:
Նրանց արգելված է ավտոմեքենա վարել և միայնակ ճանապարհորդել: Սաուդյան Արաբիայում կանանց զանգվածային բողոքներ հազվադեպ են լինում:








































