ՀՀԿ համագումարի ելույթով Սերժ Սարգսյանը փաստորեն մարտահրավեր նետեց Ռոբերտ Քոչարյանին՝ ընդգծելով մինչև 2007 թվականը եղած և իրեն բաժին հասած տնտեսական ցուցանիշները և մեկ առ մեկ մատնանշելով, թե անցած տարիների ընթացքում ինչպես է դրանք կրկնապատկել, եռապատկել կամ քառապատկել: Իհարկե, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նույն մանրամասնությամբ գրեթե ջախջախեց Սերժ Սարգսյանի բերած ցուցանիշները, սակայն պետք է ենթադրել, որ Ռոբերտ Քոչարյանը չի մնա Բագրատյանի «հույսին» և անձամբ կպատասխանի Սերժ Սարգսյանին, քանի որ հակառակ դեպքում նրա ներիշխանական հեղինակությունը մի քանի լուրջ հարված կարող է ստանալ:
Նախ՝ Քոչարյանին կարող են ընկալել որպես Բագրատյանի տնտեսական «հոգաբարձության» ներքո հայտնված գործչի, իսկ մյուս կողմից էլ՝ կարող են համարել, որ նա անզոր է Սերժ Սարգսյանի դեմ և այլևս ի վիճակի չէ պատասխանել նրան: Այդ տեսակետից պետք է ենթադրել, որ Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում կպատասխանի Սերժ Սարգսյանին: Բայց հատկանշականն այն է, որ Սարգսյանն իր ելույթով կարծես թե հենց ինքն էր Քոչարյանին մղում պատասխանի, սադրում, հրահրում նրան: Ըստ երևույթին Սերժ Սարգսյանին ներկայումս պետք է, որ Քոչարյանն ինչ-որ բան ասի:
Բանն այն է, որ ինչքան խորհրդարանի ընտրությունը մոտենում է, այնքան ավելի ու ավելի խորհրդավոր իմաստ է ստանում Ռոբերտ Քոչարյանի գործոնը, հատկապես ԲՀԿ-ում տեղի ունեցող պրոցեսների ֆոնին: Եվ որքան Քոչարյանը մնա ստվերում, այնքան այդ գործոնը կդառնա խորհրդավոր, ու ինչքան մնա խորհրդավոր, այնքան ավելի թաքնված վտանգ կպարունակի Սարգսյանի համար: Հենց այդ պատճառով էլ նա երևի թե ստիպում է, որ Քոչարյանը չմնա ստվերում, չմնա թաքուն և հրապարակային հայտարարություններ անի, որոնք Սերժ Սարգսյանին կարող են թույլ տալ թե՛ միաժամանակ Քոչարյանին դուրս բերել, այսպես ասած, ստվերից, թե՛ նաև այդ միջոցով առավել վերահսկելի դարձնել «Բարգավաճ Հայաստան»-ը:
Բանն այն է, որ Քոչարյանի ելույթի դեպքում, եթե նա փորձի հակադրվել Սարգսյանին, ԲՀԿ-ն կամ պետք է ստիպված պաշտպանի Քոչարյանին, ինչի պարագայում ուղղակիորեն կմեղադրվի քոչարյանական շահերի ներկայացուցիչ լինելու համար, կամ պետք է հրապարակավ հրաժարվի Քոչարյանից, ինչը, իհարկե, կլինի հերթական հարվածը երկրորդ նախագահին: Ռոբերտ Քոչարյանը ներկայումս գտնվում է այդ բարդ իրավիճակում և թերևս կանգնած է զգալիորեն անլուծելի խնդրի առաջ, երբ ցանկացած զարգացման պարագայում վաղ թե ուշ զգալու է բումերանգի էֆեկտը: Ընդ որում, դրանով ոչ պակաս բարդ վիճակում է հայտնվում նաև ԲՀԿ-ն, որը կամ ստիպված է լինելու հրապարակավ ընդունել իր քոչարյանությունը՝ ուղղակի, կամ անուղղակի, կամ էլ հրապարակավ ընդունել, որ վաղուց է հրաժարվել Քոչարյանից և սատարում է Սարգսյանի քաղաքականությունը:











































