Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, ընդդիմադիր «Դեմոկրատական շարժում – Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն այսօր վրացական ողջ ընդդիմությանը կոչ է արել աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններում հանդես գալ միասնական ճակատով:
Բուրջանաձեն ընդգծել է, որ եթե դա տեղի չունենա, ապա վրացական ընդդիմադիր ուժերի, այդ թվում՝ նաև ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ռեսուրսները չեն բավականացնի ինքնուրույն կերպով «արնախումների ռեժիմից» ձերբազատվելու համար.
«Դա դառը ճշմարտություն է. առանց միասնական ճակատի անհնար կլինի հաղթանակի հասնելը: Եթե միասնական ճակատը հաղթի, ապա իմ քաղաքական ուժը և նրա հետ համագործակցող «Ժողովրդական հավաքը» կհրաժարվեն ամեն տիպի պաշտոններից: Ներկայումս մեր վարկանիշը կազմում է 15-17 տոկոս:
Որքան խոսեն Ռուսաստանի հետ իմ կապերի մասին, այնքան կաճի մեր վարկանիշը: Վրաստանում ոչ ոք այնպիսի քաղաքական կշիռ չունի, ինչպիսին որ ունեմ ես՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու և դրանով իսկ Վրաստանին օգտակար լինելու համար»: