Բրիտանացի Մեթ Թոփհեմը, որը EuroMillions լոտոյով 45 մլն ֆունտ ստեռլինգ է շահել, գումարից 1.3 մլն ֆունտ ստեռլինգ կնվիրի իր լավագույն ընկերոջը: Այս մասին այսօր հայտնում է The Sun տաբլոիդը:
22-ամյա դեկորատոր Թոփհեմը ու նրա հարսնացուն` Քեյսի Քարինգտոնը, 2012 թ. փետրվարին ջեքփոթ են շահել լոտոյով, որից հետո որոշել են գումարի մի մասը տալ իրենց դպրոցական ընկերոջը` Էդդի Սմիթին:
Ի սկզբանե զույգը որոշել է նրան տալ 1 մլն ֆունտ ստեռլինգ, սակայն գումարն ավելացրել ու հասցրել է 1.3 մլն ֆունտ ստեռլինգի, երբ ուսանողը պատմել է, թե ինչպես է տնօրինելու գումարը: Սմիթը որոշել է վճարել ծնողների տան հիպոթեքն ու ֆինանսական օժանդակություն տրամադրել եղբորը:
Անսպասելիորեն հարստացած ուսանողը պատմել է տաբլոիդին, որ Թոփհեմն ու նրա հարսնացուն որոշել են ֆինանսապես օգնել իրենց մյուս ընկերներին ևս, ինչպես նաև ընտանիքի անդամներին:










































