«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մարտի 12-ին նշվող Համացանցում խոսքի ազատության օրվա կապակցությամբ հրապարակել է համացանցի թշնամիների ցուցակը:
Կազմակերպությունը համացանցի թշնամիների թվին դասում է այն երկրները, որոնց իշխանությունները, իրավապաշտպանների կարծիքով, առավել խիստ կերպով են սահմանափակում համացանցի օգտատերերի ազատությունը:
Խորհրդանշական ցուցակում հատկապես նշվում են Մյանմարը, Չինաստանը, Կուբան, Իրանը, Հյուսիսային Կորեան, Սաուդյան Արաբիան, Սիրիան, Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Վիետնամը:
Համացանցի նոր թշնամիներ են հայտարարվել Բելառուսը և Բահրեյնը: Հիշեցնենք. հունվարին Բելառուսում ուժի մեջ մտավ մի օրենք, որով իշխանությունների կողմից արգելափակված ռեսուրսները բացելու դեպքում տուգանվում են ինտերներտ փրովայդերները:
Չինաստանն ուժեղացրել է ճնշումն ինտերնետ ընկերությունների վրա՝ նպատակ ունենալով ստիպել նրանց առավել սերտ համագործակցել կառավարության հետ: Իրանում և Վիետնամում սկսվել է ինտերնետ օգտատրերերի ձերբակալությունների ալիք:
Կազմակերպության զեկույցում նշվում է, որ համացանցում խոսքի ազատության դեմ ուժեղ ճնշումներ են տարվում Սիրիայի իշխանությունների կողմից, որտեղ արդեն մեկ տարի է՝ չեն դադարում իշխանությունների դեմ ուղղված բողոքի ելույթները:
Համացանցի թշնամիների ցուցակից բացի, կազմակերպությունը կազմել է ևս մեկ վարկանիշային աղյուսակ, որում տեղ են գտել այլ երկրները, որոնք «գտնվում էեն հսկողության տակ»: Իրավապաշտպաները, մասնավորապես, այդ երկրների շարքին են դասում Ավստրալիան, Եգիպտոսը, Էրիթրեան, Ֆրանսիան, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Հնդկաստանը և Ղազախստանը: Ընդ որում, այդ ցուցակից դուրս են եկել Վենեսուելան և Լիբիան:
Համացանցում ազատ խոսքի օրը (Online Free Expression Day) առաջին անգամ նշվել է 2008 թ. «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպանական կազմակերպության կողմից, որը գործում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո:









































