Փորձագետ Մանան Գալստյանը Ej էլեկտրոնային պարբերականի իր բլոգում գրում է.
Վաղուց գիտեինք, որ քաղաքականության մեջ թվերը սյուրռեալիստական են, սոցիոլոգիայում` նույնպես: Հիմա համոզվեցինք, որ տնտեսագիտությունն էլ պակաս սյուռ չի, գոնե Հայաստանում:
Սերժ Սարգսյանը շաբաթ օրը կայացած ՀՀԿ համագումարում մեկնաբանեց ընդդիմության կողմից հնչող տնտեսագիտական վերլուծությունները` նշելով, որ. «տնտեսության բնագավառում այս ողջ ժամանակահատվածում մենք վկան էինք վայքննադատության իսկական խրախճանքի»` համեմելով այս գնահատականը տնտեսական տարբեր ցուցանիշների մեջբերումներով:
Կայծակնային արագությամբ հաջորդ օրը հրապարակվեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի բաց նամակը Սերժ Սարգսյանին, որտեղ Բագրատյանը նախագահական թվաբանությանը այլ թվաբանությամբ է հակադարձում` նշելով, թե «մի՞թե այդպես են վերլուծում ձեր շրջապատում տնտեսական փաստերը, մի՞թե կարելի էր երկրի ղեկավարի տիտուլը կրող անձին նման «նյութ» մատուցել»:
Հետևելով Սերժ Սարգսյանի և Հրանտ Բագրատյանի ուիքենդյան տնտեսական բանավեճին` ևս մեկ անգամ համոզվեցի, որ փիլիսոփայական հին բանավեճը մատերիալիստների և իդեալիստների միջև, թե ինչն է գիտելիքի աղբյուր` փորձը, կամ մտահայեցողությունը, ավելի քան արդիական է: Մինչ իշխանությունն ու ընդդիմությունը մտահայեցողական մակարդակում վիճում են տնտեսության մասին, մենք` սովորական քաղաքացիներս, ամեն օր մեր մաշկի վրա զգում ենք այդ տնտեսության շարժն ու չշարժը, անկումն ու ավելի անկումը: Ու կներեք, բայց մեր փորձը էս պահին մնում է մեր գիտելիքի միակ աղբյուրը: Իսկ ձերը դեռ որ հիշեցնում է Բերկլիին, որ ասում էր, թե ես աչքերս թարթելով ոչնչացնում ու նորից ստեղծում եմ ինձ շրջապատող աշխարհը:
Միայն մի տարբերությամբ. կարծում եմ, աչքերը թարթելը ձեզ մոտ պարտադիր պայման չէ:









































