Հնդկաստանն ու Իրանը մտադիր են զարգացնել երկկողմ տնտեսական հարաբերությունները: Նախօրեին Հնդկաստանից ժամանած պատվիրակության հետ բանակցություններից հետո Իրանի առևտրային պալատի գլխավոր քարտուղար Մոհամեդ Մեհդի Փասեհը հայտարարել է, որ Իրանի և Հնդկաստանի միջև առևտրի ծավալների մեծացման հնարավորությունները մի քանի անգամ գերազանցում են արդեն գոյություն ունեցող ծավալները: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը:
Հնդկական պատվիրակության ղեկավար Ռաշիդ Ալվին հայտարարել է, որ իրանա-հնդկական հարաբերությունները կարող են օգնել տարածաշրջանի զարգացմանը:
«Իրանը Հնդկաստանի բազմամյա բարեկամն է, այն տնտեսության տարբեր ոլորտներում զգալի առաջընթաց է արձանագրել և համարվում է հեռանկարային գործընկեր, որի հետ մենք կկարգավորենք և կզարգացնենք երկկողմ կապերը»,- ասել է Ալվին:
Նա նաև հույս է հայտնել, որ տնտեսական համագործակցության մեծացումը կհանգեցնի ներդրումների մեծացմանը և բարերար ազդեցություն կունենա երկու երկրների քաղաքական հարաբերությունների վրա:
Տեղեկացնենք նաև, որ Հնդկաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության տարեկան ծավալը հասնում է 15 մլրդ դոլարի: Հնդկաստանը Իրանից հիմնականում գնում է նավթ և նավթամթերք: Այս մասին հաղորդում է RBC-ն:











































