Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը վաղաժամ է համարում խոսել խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀԱԿ-ի ստացած մանդատները վայր դնել-չդնելու թեմայի շուրջ: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ հավելելով, որ ՀԱԿ-ը պարտության հետ համակերպվելու մտադրություն չունի:
«Առայժմ չեմ ուզում այս թեմայի շուրջ խոսել, որովհետև եթե այժմվանից քննարկենք մանդատները վայր դնելու հարցը, նշանակում է՝ կհայտարարենք, որ ընտրությունները կեղծված են: Խնդիրը հետևյալի մեջ է. պետք է անել ամեն ինչ, որպեսզի արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացվեն: Հավանականությունն, իհարկե, մեծ չէ, սակայն պետք է ձգտենք դրան»,- նկատեց նա:
Սարգսյանի խոսքով՝ մինչև մայիս շատ իրադարձություններ կլինեն, որոնք «կզսպեն» ՀՀԿ ախորժակը: «Կարծում եմ՝ մինչև ԱԺ ընտրությունները շատ լուրջ զարգացումներ կլինեն: Իշխող կուսակցությունը պետք է հաշիվ տա իրեն՝ արդյոք պատրա՞ստ է դիմակայելու լայն մասսաների դժգոհությանը: Միաժամանակ, մենք ավելի քան վստահ ենք, որ արդար ու թափանցիկ ընտրությունների դեպքում ՀԱԿ-ը բավական պատկառելի թվով մանդատներ է ստանալու: Մենք շատ լավ գիտենք, որ մեր համակիրների բանակը մեծ է, մինչդեռ արդար ընտրությունների պարագայում ՀՀԿ-ն չի կարող նույնիսկ 10 տոկոս մանդատներ ունենալ: Ավելի մեծ տոկոսներ հավաքելը, պարզ է՝ ինչ գնով կլինի. վարչական լծակները գործի դնելով»,- նշեց ՍԴՀԿ ատենապետը:











































