Երբ ԶԼՄ-ներում որևէ հրապարակում կամ լուր է հայտնվում քրեակատարողական համակարգի այս կամ այն հիմնարկում կատարված կասկածելի դեպքի մասին, ՔԿ վարչությունից անմիջապես արձագանքում են, թե տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում կամ եթե ծեծի մասին է խոսքը` նշում են, որ համաչափ ուժ է կիրառվել այս կամ այն դատապարտյալի նկատմամբ, քանի որ անօրինական պահանջներ են ներկայացրել: Մինչդեռ սա այն փակ համակարգերից է, որտեղ կատարվող դեպքերը լրագրողը չի կարող անմիջապես և ամենայն ճշտությամբ ներկայացնել, եթե նույնիսկ նրան ՔԿՀ մտնելու իրավունք տան, ապա դա ժամանակ խլող որոշակի ընթացակարգով պետք է արվի: Իհարկե, լինում է, որ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամներն են մտնում` տեղում իրավիճակը պարզելու, և որոշ բաներ հաջողվում է պարզել: Բարձրաձայնում են խախտումների մասին, բայց դրանք մեծ հաշվով, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով մնում են չլուծված` դառնալով դատապարտյալի մահվան կամ ինքնասպանության պատճառ: Այդպիսի դեպքերը վերջին ժամանակաշրջանում սկսել են հաճախակիանալ: Մի քանի օրինակներ նշենք.
ՀՀ ԱՆ տարածած հաղորդագրության համաձայն` ս.թ. փետրվարի 14-ին, ժամը 22.00-ի սահմաններում «Սևան» ՔԿՀ-ում մահացել էր դատապարտյալ, նախկինում 3 անգամ դատապարտված, 1953թ. ծնված Ժիլբերտ Մալխասյանը: Նախնական ախտորոշումը` սրտամկանի սուր ինֆարկտ: Մալխասյանին 09.02.2009թ. Հյուսիսային քրեական դատարանը դատապարտել էր 6 տարվա ազատազրկման` թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության համար` իրացնելու, ինչպես նաև առանց իրացնելու նպատակների:
Այս դատապարտյալը «Առաջին լրատվական»-ի հետ նամակագրության մեջ էր և նամակներում նույնիսկ զուգահեռներ էր անցկացնում թմրամիջոցների օգտագործման, շրջանառության առնչությամբ` ՀՀ-ում և այլ երկրներում` Իրանում գործող օրենքների միջև: Ժիլբերտ Մալխասյանի դեպքից 4 օր անց էլ` փետրվարի 18-ին, ժամը 05:00-ի սահմաններում, հոսանքահարվելով ինքնասպան էր եղել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ, 1960թ. ծնված Հովհաննես Դոխոլյանը: Դոխոլյանին 04.02.2004թ. Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանը դատապարտել էր 14 տարվա ազատազրկման` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց սպանության, դիտավորությամբ առողջությանը ծանր, ինչպես նաև միջին ծանրության վնաս պատճառելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու կամ կրելու համար: Դոխոլյանը թողել էր գրություն, որով հայտնել էր, որ ինքը զզվել է ապրելուց: Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել էր քրգործ` ՀՀ քր.օր.-ի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը): Այս դատապարտյալը տառապում էր այնպիսի հիվանդությամբ, որի պարագայում նա պետք է ազատ արձակվեր ՔԿՀ-ից:
1981թ. ծնված Հարություն Աղեկյանը 13.12.2012թ. տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ փետրվարի 24-ին, ժամը 21:10-ի սահմաններում մահացել էր: Նախնական ախտորոշումը` դիլատացիոն կարդիոմիոպաթիա: Աղեկյանին 12.11.2010թ. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել էր 7 տարվա ազատազրկման` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ կատարված ավազակության և խարդախության համար:
Փետրվարի 28-ին պաշտոնական աղբյուրից տեղեկացանք, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դատապարտյալ, նախկինում մեկ անգամ ազատազրկման դատապարտված, 1983թ. ծնված Մուշեղ Ջումշուդյանը փետրվարի 25-ին, ժամը 16:25-ի սահմաններում մահացել է: Նախնական ախտորոշումը` թոքերի տուբերկուլյոզ, ՄԻԱՎ-ՁԻԱՀ 4-րդ փուլ: Ջումշուդյանին 09.07.2011թ. Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել էր 8 տարվա ազատազրկման` թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության համար:
Ինչ վերաբերում է «Առաջին լրատվական»-ում օրեր, շաբաթներ առաջ հրապարակված նյութերին (ըստ որոնց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալներ` ՄԻԱՎ-ով հիվանդ Գագիկ Վ.-ին և ՁԻԱՀ-ով հիվանդ Նարեկ Գ.-ին ծեծի էին ենթարկել ՔԿՀ աշխատակիցները, «Գորիս» ՔԿՀ-ում էլ ճնշման էր ենթարկվել Արտակ Հակոբյանը), ապա դրանց մենք դեռ կանդրադառնանք: Մինչ այդ նշենք, որ դրանց վերաբերյալ ԱՆ-ից հայտնել էին, որ Գագիկ Վ.-ն և Նարեկ Գ.-ն անօրինական պահանջներ են ներկայացրել վարչակազմին, ապա մերժում ստանալով` կտրող-ծակող առարկաներով փորձել են հարձակվել աշխատակիցների վրա: «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության բաժնի աշխատակիցներն էլ միջոցներ են ձեռնարկել և կանխել հնարավոր հարձակումը: Արտակ Հակոբյանի նկատմամբ ճնշում բանեցնելու, նրա` հացադուլ հայտարարելու վերաբերյալ տեղեկությունները ևս հերքվել էին համապատասխան վարչության կողմից:
Եվ ի վերջո, այսքան դեպքեր են լինում, ինչո՞ւ ՔԿ վարչությունը, Արդարադատության նախարարությունը հետագայում չեն անդրադառնում այդ մահվան դեպքերով նախապատրաստված նյութերի կամ հարուցված քրեկան գործերի ընթացքին: Մամուլում հնչած այսքան ահազանգերից հետո կա՞ն մարդիկ, ովքեր պատժվել են: Վերջին քննարկումներից մեկի ժամանակ նման գործերով զբաղվող դատախազության ներկայացուցիչը մի 30 էջանոց փաթեթ էր բերել, որն այդպես էլ ոչ ներկայացրեց, ոչ էլ տրամադրեց մեզ` հրապարակայնացնելու համար, չնայած շատ խնդրեցինք: Այդպես էլ չիմացանք, թե դատախազն ում էր թաքցրել այդ հույժ գաղտնի փաթեթի մեջ…











































