Մարտի 12-22-ը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կընդունի մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակից կուսակցությունների համամասնական և մեծամասնական առաջադրումները:
Ու թեև մնացել են հաշված օրեր, սակայն դեռևս կուսակցություններում համամասնական ցուցակների բուռն քննարկումներ են ընթանում: Իրավիճակը բարդ է նաև մեծամասնական ընտրատարածքներում, քանզի այստեղ էլ դեռ հստակություն չկա, թե ովքեր են լինելու հիմնական թեկնածուները, որ ընտրատարածքում ով ում դեմ է պայքարելու, որովհետև Հայաստանում մեծամասնական ընտրակարգով թեկնածություն առաջադրելու համար տվյալ անձի մարդկային ու մասնագիտական որակներից, կատարած աշխատանքից ու ցանկությունից առավել կարևոր է վերևների «դաբրոն», ինչի համար էլ, թերևս, դեռ պայքարում են իշխանական կուսակցությունների ներկայացուցիչներն ու նրանց մոտ կանգնած մարդիկ: Այսօր հստակ է մի բան. 41 մեծամասնական ընտրատարածքներում հիմնականում առաջադրվելու են ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ներկայացուցիչները, ավելի շատ տեղերի հավակնում է է ՀՀԿ-ն: Ինչ վերաբերում է ընդդիմադիր ներկայացուցիչներին, ապա առայժմ քչերն են հայտարարել, որ իրենք պատրաստվում են առաջադրվել: Եղել են նաև որոշ ընդդիմադիրներ, որոնք խոսել են առաջադրման մասին, սակայն կոնկրետ ընտրատարածքի անուն չեն տվել:
Այն, որ մեծամասնական ընտրատարածքները հիմնականում իշխանության տիրույթն են` վկայում է նաև հանգամանքը, որ 2007-ին ձևավորված խորհրդարանում ներկայացված 5 կուսակցություններից միայն 2-ում՝ ԲՀԿ և ՀՀԿ-ում կան մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ: Ո՛չ ՀՅԴ-ն, ո՛չ Ժառանգությունը, ո՛չ էլ ՕԵԿ-ը մեծամասնական ընտրատարածքներից ընտրված պատգամավորներ իրենց խմբակցություններում չունեն: Ու թերևս դա է պատճառը, որ այս ընտրություններում էլ ընդդիմադիրները մեծամասնական ընտրակարգով իրենց առաջադրումների մասին լռում են: Համենայնդեպս, ընդդիմադիրները պայքարեցին մեծամասնական ընտրակարգի դեմ, սակայն այդ նախագիծը մերժեց ՀՀԿ-ն: Մինչ այդ նրանք հայտարարել էին, թե մեծամասնական ընտրատարածքներում թեկնածուներ ունենալու են, ավելին` աշխատելու են այնպես անել, որ չփոշիացնեն այս կամ այն ընտրատարածքի ընդդիմադիր ձայները, և եթե տվյալ ընտրատարածքում ընդդիմադիր թեկնածու արդեն իսկ գրանցված լինի, իրենք կփորձեն պաշտպանել այդ թեկնածուին:
Փորձեցինք հետաքրքրվել, թե արդյոք քաղաքական տեխնոլոգիաների տեսանկյունից ճի՞շտ է նման մարտավարությունը, արդյոք ճի՞շտ են վարվում ընդդիմադիր քաղաքական ուժերը, երբ մեծամասնական ընտրակարգը համարելով փողի և վարչական ռեսուրսի տիրույթ, ընդհանրապես թեկնածու չեն առաջադրում: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի դիտարկմամբ, դա սխալ մոտեցում է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Բադալյանը նկատեց, որ անկախ նրանից, թե ինչպիսի իրավիճակ է, թեկնածու առաջադրել պետք է ու ճիշտ է: Ըստ նրա` այդ դեպքում նախ վստահված անձ ունենալու լրացուցիչ հնարավորություն է ստանում տվյալ քաղաքական ուժը, և հետո՝ պետք է որոշել, թե առաջադրվելով, ինչ նպատակ ես հետապնդում, և որն է ռազմավարությունը: Քաղտեխնոլոգի գնահատմամբ, առաջադրումներ կատարելուց առաջ նաև պետք է մարտավարությունը հստակեցնել, քանզի եթե նպատակ կա պարզապես վստահված անձանց թիվը ավելացնել, ապա ճիշտ կլինի բոլոր 41 ընտրատարածքներում էլ առաջադրվել, իսկ եթե նման նպատակ չկա, ապա պետք է հստակ հաշվի առնել, թե ում դեմ ես պայքարելու, քանզի անիմաստ կլինի, եթե մի ուժ պայքարի իր հիմնական մրցակցի մրցակցի դեմ:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերի այն դիտարկմանը, թե պետք է պաշտպանել արդեն իսկ առաջադրված ընդդիմադիր թեկնածուին և այնտեղ այլ ընդդիմադիրի չառաջադրել, Բադալյանը նկատեց, որ դա սխալ տեսակետ է, որովհետև շատ հնարավոր է տվյալ ընտրատարածքում ապրում են մեկ այլ ընդդիմադիր ուժի համակիրներ, և նրանք անգամ այդ ուժի կոչի դեպքում էլ չեն քվեարկի մի ուրիշ ընդդիմադիրի օգտին, պարզապես չեն գնա ընտրությունների: Ավելին` քաղտեխնոլոգը նաև նշեց, որ քաղաքական դաշտի հիմնական ուժերը դեռևս որևէ բովանդակային, ծրագրային դրույթ չեն ներկայացրել հասարակությանը, բայց արդեն իսկ համամասնական ցուցակի հարցեր են քննարկում, մեծամասնականի առաջադրումների մասին են խոսում. «Սա ընտրական տեխնոլոգիաների տեսանկյունից կոպտագույն սխալ է, քանզի այն դեպքում, երբ քաղաքական ուժը հասարակությանը չի ներկայացրել իր ծրագրերը, ընտրություններին մասնակցելու իր բովանդակությունը, ինչպե՞ս կարող է խոսել ցուցակների մասին: Ո՛չ ՀՀԿ-ն, ո՛չ ԲՀԿ-ն դեռևս մի բառ չեն ասել իրենց նախընտրական բովանդակության մասին, բայց ցուցակների հարցն այնպես են քննարկում, կարծե դա հայկական հարցն է»:
Սոցիոլոգ Գևորգ Պողոսյանից էլ հետաքրքրվեցինք, թե արդյոք ընդդիմադիրներն այնքան հեղինակություն ու ճանաչվածություն չունե՞ն մեծամասնական ընտրատարածքներում, որ խուսափում են առաջադրվել այդ տարածքներում, թե՞ այլ պատճառ կա: Պողոսյանը նկատեց, որ մեծամասնական 41 տեղերը, որպես կանոն, պատկանում են իշխանական կոալիցիայի ներկայացուցիչներին. «Փաստորեն այս ընտրակարգը լրացուցիչ աղբյուր է ԱԺ-ում ունենալ մեծ ֆինանսների տեր անձանց, որոնք կհամալրեն ԱԺ-ն ոչ թե կուսակցական ցուցակով, այլ մեծամասնական ընտրակարգով: Դրա համար էլ ընդդիմադիր քաղաքական ուժերը դեմ էին այդ ընտրակարգին և առաջարկում էին վերացնել այն, որովհետև փորձը ցույց է տալիս, որ իշխանական թեկնածուներն են ընտրվում, իսկ պատճառն էլ այն է, որ այս ընտրատարածքներում մեծ դեր ունի և՛ հեղինակությունը, և՛ ֆինանսական միջոցները, և՛ թաղային հեղինակությունների հետ ինչ-ինչ կապերը, ինչն էլ հարյուր տոկոսով ապահովում է նրանց հաղթանակը»:
Ըստ Պողոսյանի` նման պարագայում ընդդիմադիրների չառաջադրվելը ճիշտ է, քանզի նրանք լավ գիտեն, որ չեն հաղթելու, և երկրորդ՝ դա ընդհանուր տպավորություն է ստեղծում, որ իշխանությունները հետագայում ինչ-ինչ քննարկումների ու վերլուծությունների ժամանակ ասեն, թե տեսեք, ընդդիմադիրները այս կամ այն ընտրատարածքում չանցան, ինչն էլ խոսում է այն մասին, որ նրանց հեղինակությունը թույլ է. «Իմանալով, որ պարտվելու ես, իզուր տեղը նման բացասական ֆոն ստեղծելն իհարկե անիմաստ է»:









































