Իր ամենշաբաթյա ուղերձում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գովեստով է խոսել անցած ամսվա ընթացքում նոր աշխատատեղերի բացման փաստի առնչությամբ։ Նախագահն այս ուղերձով հանդես է եկել գործարաններից մեկում, որտեղ վերջին ժամանակներս բացվել են նոր աշխատատեղեր։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»–ը։
Օբամայի խոսքերով՝ տեխնոլոգիական նոր միջոցները կարևոր գործոն են այլ երկրների նավթային պաշարներից ԱՄՆ-ի կախվածությունը կրճատելու գործում, և որ ԱՄՆ-ում անցած 8 տարիների ընթացքում գրանցվել է նավթարդյունահանման ամենաբարձր մակարդակը։ Նա ասել է նաև, թե նոր հորատումները չեն կարող արագ կերպով լուծել երկրի բենզինի գների արագ աճի խնդիրը։
՝
«Էժան բենզին խոստանալու քաղաքական հայտարարություններով հանդես գալու փոխարեն, ԱՄՆ-ը ունի այլընտրանքային էներգիայի աղբյուրների վրա կենտրոնանալու կարիք»,– ասել է նա, հիշեցնելով առաջնային աղբյուրները՝ արեգակնային էներգիան, քամու ուժը, բնական գազն ու կենսավառելանյութերը։
Հանրապետական կուսակցության պատասխան ուղերձում Հյուսիսային Դակոտայի նահանգապետ Ջեք Դալռիմփլը մեղադրել է Օբամային՝ ասելով, որ նավթատար խոշոր խողովակաշարի կառուցումն արգելելու նախագահի որոշումը կանխել է մեծաթիվ աշխատատեղերի ստեղծումը և խոչընդոտել նավթի արդյունաբերության զարգացումը, «ինչի պատճառով էլ երկրում չեն իջնում բենզինի գները»։









































