Apple ըկերությունը 304 մլն դոլարով նոր գրասենյակ կկառուցի Տեխաս նահանգի Օսթին քաղաքում, ինչը հնարավորություն կտա կրկնակի ավելացնել այդ քաղաքում իր աշխատակիցների թիվը:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ակնկալվում է, որ առաջիկա 10 տարում Օսթինում Apple-ը կստեղծի 3600 նոր աշխատատեղ վաճառքի, հետվաճառքային սպասարկման և հաշվապահության ոլորտներում:
Ընկերության ներկայացուցիչ Սթիվ Դոուլինգը գործակալությանն ասել է, որ իրենք Տեխասում առաջին անգամ գրասենյակ են բացել 2004 թ., այդ ժամանակից ի վեր Apple-ի աշխատակիցների թիվն Օսթինում հասել է 3500-ի:
Տեխասի նահանգապետ Ռիք Փերին նշել է, որ Apple-ը նախագծի համար կստանա մոտ 21 մլն դոլար ֆինանսավորում պետական ֆոնդից, հնարավոր են նաև հարկային արտոնություններ:
Apple-ը, որը համարվում է աշխարհի ամենաթանկ ընկերությունը, անցյալ տարի հայտարարեց, որ ցանկանում է նոր գրասենյակ բացել Կալիֆոռնիայում, որը կարող է ընդունել մինչև 12 հազար աշխատակից:








































