Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մտադիր է ավելի խստացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության, ալկոհոլի ու թմրամիջոցների ներկրման և փողերի լվացման դեմ պայքարը: Այս մասին հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարը:
Վերջինիս խոսքերով՝ թմրամիջոցների ու ալկոհոլի ապօրինի ներկրումն ահաբեկչական խմբավորումների միջոցով նախաձեռնում է Արևմուտքը. «Այդպիսի գործունեությունն ուղղված է ֆինանսական դիվիդենտներ ստանալուն և մեր հասարակությանը վնաս պատճառելուն: Թմրանյութերի ու ալկոհոլի տարածումն ուղղված է անվտանգության ու սոցիալական իրավահավասարության ոլորտում խնդիրներ առաջացնելուն, կոռուպցիայի ընդլայնմանն ու հոգեկան հիվանդությունների առաջացմանը:
Երկրում ազգային մակարդակով ընդունվել է թմրաբիզնեսի դեմ պայքարի համապարփակ պլան: Մենք միջոցներ ենք ձեռնարկել մեր սահմանների անվտանգության ամրապնդման ուղղությամբ: Պետական բյուջեից գումարներ են հատկացվում թմրակախվածությունից մարդկանց բուժման համար:
Բացի այդ, մենք պատրաստել ենք 6000 մասնագետի, որոնք կզբաղվեն տվյալ ոլորտում լուսավորչական (բացատրական) աշխատանքներով: Հաջորդ տարի (սկսվում է մարտի վերջից) մենք ավելի ենք ուժեղացնելու իրավապահ ուժերի ու հետախուզության նախարարության հակաթմրանյութային գործունեությունը»:







































