Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ մարտի 8-ի գիշերը սիրիացի երկու գեներալների կողմից թուրք-սիրիական սահմանը հատելուց հետո Թուրքիայի Հաթայ շրջանում գտնվող սիրիացի գեներալների քանակը հասավ 4-ի: Ընդհանուր առմամբ, այժմ Հաթայում են սիրիացի 7 բարձրաստիճան զինվորականներ, որոնցից 4-ը գեներալներ են, 2-ը՝ գնդապետներ, 1-ը՝ փոխգնդապետ: Կան նաև 3 սպաներ:
Նրանք Սիրիայում գործունեություն էին ծավալել Դամասկոսում, Հոմսում ու Լաթաքիայում: Սիրիայի ազատ բանակի խոսնակ, լեյտենանտ Հալիթ էլ Համութը հայտարարել է, որ իրենք մտադիր են Հաթայում ձևավորել ռազմական խորհուրդ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դեռևս չի գաղտնազերծվում սիրիացի բարձրաստիճան զինվորականների ինքնությունը:









































