ԱՄՆ-ի Ինսուլտի ազգային ասոցիացիան հայտնում է, որ երկրում ամեն տարի ինսուլտ է ստանում 425.000 կին: Նոր հետազոտությունն ապացուցում է, որ ամեն օր մեկ բաժակ ալկոհոլային խմիչք օգտագործելը կարող է նվազեցնել ինսուլտի հավանականությունը:
CNS News-ը հաղորդում է, որ հետազոտության համար գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 84000 կանանց տվյալներ, ովքեր մասնակցել էին մեկ այլ հետազոտության, որի ընթացքում նրանց հարցեր էին տվել կենսակերպի, սննդակարգի վերաբերյալ: Կանանցից ոչ մեկը քաղցկեղ կամ սրտային հիվանդություններ չի ունեցել այն ժամանակ, երբ սկսվել է հետազոտությունը, որը տևել է 26 տարի:
Այդ տարիների ընթացքում գիտնականները հետազոտության մասնակից կանանց շրջանում կաթվածի 2171 դեպք են հայտնաբերել:
Կանանց 30 տոկոսը հայտնել էր, որ ընդհանրապես ալկոհոլ չի օգտագործում, 35 տոկոսը հայտնել էր, որ շատ քիչ է օգտագործում, իսկ 37 տոկոսն ասել էր, որ միջին չափով է խմում ալկոհոլ, 11 տոկոսը հաղորդել էր օրական երկու բաժակ ալկոհոլ խմելու մասին:
Պարզվել է, որ միջին չափով ալկոհոլ օգտագործողներն ինսուլտ ստանալու պակաս հավանականություն են ունեցել, քան նրանք, ովքեր ընդհանրապես չեն խմել կամ խմել են չափից շատ: Հետազոտությունը մարտի 8-ին հրապարակվել է Stroke ամսագրում:









































