Իսպանիայի առաջատար արհմիություններն ուրբաթ որոշել են մարտի 29-ին համընդհանուր գործադուլ անցկացնել` ընդդեմ երկրի վարչապետ Մարիանո Ռախոյայի կառավարության ընդունած աշխատանքային բարեփոխումների: Այս մասին նշված է Աշխատավորների համընդհանուր միության (UGT) հաղորդագրությունում:
Համընդհանուր գործադուլի կոչ են արել երկրի բազմաթիվ արհմիություններ, որոնք կարծում են, որ վերջերս ընդունված «Աշխատանքի մասին օրենքը» խտրական ու անարդար վերաբերմունք է աշխատակիցների հանդեպ, կործանարար է տնտեսության համար ու չի նպաստում աշխատանքային տեղերի թվի ավելացմանը:
Արհմիությունների ներկայացուցիչները նշել են, որ բարեփոխումները հարվածում են արհմիությունների գործունեությանը և նպաստում, որ գործատուն ոչ միայն առավել հեշտ ազատվի վարձու աշխատողներից, այլև կրճատի նրանց աշխատավարձը:
Կառավարությունը, սակայն, համոզված է, որ բարեփոխումները կօգնեն նվազեցնել գործազրկության մակարդակը երկրում (23 տոկոս), ինչը Եվրոպայում ամենաբարձրն է:










































