Խորվաթիայի պառլամենտը իր արտահերթ նիստում այսօր միաձայն հավանության է արժանացրել ԵՄ-ին Խորվաթիայի անդամակցության պայմանագիրը: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Ինչպես հաղորդել է խորվաթական HRT հեռուստաալիքը, խորհրդարանում ներկա 136 պատգամավորները կողմ են արտահայտվել պայմանագրին:
Նիստին ներկա են եղել կառավարության բոլոր անդամները, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ և հոգևորականներ:
Խորվաթիան Եվրամիություն մուտք կգործի 2013 թ. հուլիսի 1-ին` Եմ բոլոր 27 երկրներում անդամակցության մասին վավերացման գործընթացի ավարտից հետո, որը խորվաթական իշխանությունները ստորագրել էին Բրյուսելում 2011 թ. դեկտեմբերի 9-ին:
Մինչ օրս փաստաթուղթը վավերացրել են Սլովակիան, Հունգարիան, Իտալիան և Մալթան:
Հունվարյան հանրաքվեի ժամանակ եվրաինտեգրման գաղափարին հավանություն էր տվել խորվաթ քաղաքացիների 66 տոկոսից ավելին:







































