Դատելով Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս դասավորությունից և ռեսուրսային բաշխվածությունից, եթե տեղի չի ունենում ընդդիմադիր դաշտի լայն միավորում, այսինքն` Կոնգրես, Ժառանգություն, Ազատ դեմոկրատներ և Դաշնակցություն, ապա ընդդիմության որևէ ուժ առանձին վերցրած ի զորու չի լինի դիմակայել իշխանությանը առաջիկա խորհրդարանական ընտրությանը, որի ընթացքում առավել ևս մեծ դեր է ունենալու ընտրակաշառքը: Իսկ ընդդիմադիր դաշտի լայն միավորում կարծես թե իրատեսական չէ:
Համենայնդեպս, ընդդիմադիր ուժերը այսօր ոչ միայն այդպիսի միավորման ուղղությամբ էական քայլեր չեն կատարում, այլ նաև բազմաթիվ քայլեր են անում, որոնք վկայում են միավորվելու տրամադրվածություն չունենալու մասին: Իհարկե դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի հետագայում, որովհետև քաղաքական իրավիճակը կարող է արագորեն փոխվել: Բայց առայժմ մենք ստիպված ենք փաստել, որ խորհրդարանի ընտրության գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ ներիշխանական դաշտում, և հարցը, թե արդյոք ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև հնարավո՞ր է մրցակցություն, շարունակում է լինել առաջիկա նախընտրական օրակարգի պրակտիկ ընթացքի գերակա հարցադրումը:
Այդ տեսանկյունից, Բարգավաճ Հայաստանի գործողությունները վկայում են ՀՀԿ հետ ինտենսիվ մարտի պատրաստվելու մասին: ԲՀԿ-ն համալրում է Վարդան Օսկանյանը, համալրում է Գուրգեն Արսենյանը, հավանաբար առաջիկայում կլինեն նոր համալրումներ: Բարգավաճ Հայաստանի ինչին են պետք այդ համալրումները, եթե ԲՀԿ-ն ՀՀԿ հետ չի վիճարկելու խորհրդարանական մեծամասնության կարգավիճակը: Ի վերջո, երկրորդը լինելու համար Բարգավաճ Հայաստանին միայն Գագիկ Ծառուկյանն ու նրա փողերը լիուլի բավական են: Համալրումները վկայում են, որ ԲՀԿ-ն ունի ավելի մեծ ծրագրեր և հավակնություններ, քան երկրորդը լինելը: Սակայն հարցը, թե արդյոք Գագիկ Ծառուկյանը կհամարձակվի՞ այդպես բացահայտորեն դուրս գալ Սերժ Սարգսյանի դեմ, այն էլ այդպիսի հավակնություններով, նույնպես շարունակում է մնալ օրակարգում, քանի դեռ Գագիկ Ծառուկյանն ու նրա կուսակցությունը հստակ քաղաքական գնահատական չեն տվել Հայաստանի իշխանության գործունեությանն ու դուրս չեն եկել իշխող կոալիցիայից: Քանի դեռ Գագիկ Ծառուկյանը կոալիցիայում է, առկա է նույնքան հավանականություն, որ նա իրականում Սերժ Սարգսյանի կողքին խաղալու է ընդդիմության դեմ, որքան հավանական է Գագիկ Ծառուկյանի ընդդիմադիր դառնալն ու ՀՀԿ-ին իսկապես լուրջ ձեռնոց նետելը: Իսկ Ծառուկյանը այդ տեսանկյունից կարծես թե ամենևին չի շտապում հստակեցել կուսակցական դիրքորոշումը: Միգուցե նա վախենում է ֆալստարտից, երբ կարող է ժամանակից շուտ բացահայտվել և հայտնվել Սերժ Սարգսյանի թիրախում, իսկ երբ այդ բացահայտում կոչվածը տեղի ունենա նախընտրական արշավի ծավալմանն ու թեժացմանը զուգահեռ, ապա Սերժ Սարգսյանի ձեռքերը կարող են զգալիորեն կապված լինել թե՛ քաղաքական բուռն կրքերի, թե՛ ընդդիմությամբ զբաղվելու համար ժամանակի և ռեսուրսների անհրաժեշտության, թե՛ միջազգային դիտորդական առաքելության առկայության պատճառով:
Այսինքն` եթե ԲՀԿ-ն կտրուկ ընդդիմադիր կամ այսպես ասած` անկեղծ ընդդիմադիր դառնա ապրիլին, մայիսին մոտ, Սերժ Սարգսյանը կարող է շատ զբաղված լինել ընդդիմությամբ, դիտորդներով, իր ընտրարշավով և այնքան էլ շատ ժամանակ ու հնարավորություն չունենա կատարել ԲՀԿ-ին սանձելու գործողություններ: Սակայն այդ դեպքում կարելի է պատկերացնել, թե ԲՀԿ վիճակը ինչ կլինի, եթե Սարգսյանին հաջողվի ՀՀԿ համար ապահովել խորհրդարանական մեծամասնություն: Այդ դեպքում Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին կարող է լիուլի «փոխհատուցել» նախընտրական շրջանում իրեն այդպիսի փաստի առաջ կանգնեցնելու և թիկունքից հարվածի փորձերի համար: Այնպես որ, Ծառուկյանի համար դա կարող է լինել ռիսկային քայլ, և եթե նա ընտրարշավի կեսից դառնա լուրջ ընդդիմություն ՀՀԿ-ին և անկեղծ ու հետևողական պայքար մղի իր ձայները պահելու համար, ապա կարող է ստացվել մի վիճակ, երբ նա կայրի նահանջի կամուրջներն ու կմնա միայն ամեն գնով վերցնել իշխանությունը` ընտրությունից հետո ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանին չհանձնելու համար:
Այդ պարագայում, Բարգավաճ Հայաստանն ու ՀՀԿ-ն կսկսեն պայքարը ընդդիմության հետ դաշնակցելու համար, որովհետև առանց դրա ՀՀԿ-ն անկարող է դիմակայել ԲՀԿ գրոհը, իսկ ԲՀԿ-ն էլ անկարող է առանց այդ աջակցության ՀՀԿ-ին ստիպել հանձնել իշխանությունը: Իսկ ի՞նչ կլինի, եթե ընդդիմության ուժերը չաջակցեն որևէ մեկին և խաղան իրենց խաղը: Այդպիսի բան հավանաբար չի լինի, որովհետև ընդդիմադիր ուժերը արդեն գրեթե բոլոր խաղերը խաղացել են և այժմ նոր խաղի ռեսուրս գրեթե չունեն: Նրանց ռեսուրսը միավորումն է, որը սակայն առայժմ, մեղմ ասած, քիչ տեսանելի հեռանկար է: Հետևաբար ընդդիմության ուժերը առանձին-առանձին ամենայն հավանականությամբ կանգնելու են ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև ընտրության առաջ: Իսկ թե նրանցից ով ում կընտրի, դա արդեն էական չէ, որովհետև դեպքերի այդ դասավորությամբ կատարված ընտրությունը չի կարող դառնալ Հայաստանի իրավիճակի էական փոփոխության պատճառ, որովհետև ընդդիմադիր դաշտն այդ դեպքում կշարունակի հասարակության շահը լիարժեք սպասարկելու փոխարեն, դրա անվան տակ շարունակել իշխող համակարգի շահի կամա, թե ակամա սպասարկումը:











































