«Ազատ դեմոկրատներ» և «Ժառանգություն» կուսակցությունների նախընտրական դաշինքի հարցը կարծես թե սկսել է ձգվել, ընդ որում, նկատելի է, որ այդ հարցում առանձնակի «ակտիվություն» են ցուցաբերում «Ժառանգության» անդամները: Համենայնդեպս, նրանք են բավական ակտիվ իրենց մեկնաբանություններում, ու տպավորությունն այնպիսին է, որ համատեղ գործողությունների շուրջ պայմանավորվածության հարցում առավել հավակնոտը «Ժառանգություն»-ն է: Հատկապես վերջին օրերին այդ կուսակցության շատ ներկայացուցիչներ սկսել են խոսել այն մասին, թե իրենք կողմ են գաղափարական երկարատև դաշինքի և չեն ցանկանում նախընտրական իրադրությունից ելնելով՝ ինչ-որ համաձայնության գալ, որը կարող է երկար կյանք չունենալ:
Թվում է, թե իսկապես ռացիոնալ կեցվածք է, սակայն՝ միայն առաջին հայացքից կամ ընդամենը ընդհանուր փիլիսոփայության առումով: Բանն այն է, որ երկարատև դաշինքները նաև երկարատև քննարկումներ ու շփումներ են պահանջում: Այսպես, եթե փորձենք առավել հասկանալի լինելու համար կենցաղային օրինակով բնութագրել, ապա անխախտ ընկերություն կամ անխախտ ամուսնական և ընտանեկան հարաբերություն ունենալու առավել կայուն երաշխիքներ են տևական շփումը, տևական հարաբերությունը, տարբեր գործընթացներում համատեղ քայլերը և փոխադարձաբար միմյանց առավել լավ ճանաչելու իրողությունները: Մարդիկ, որոնք ընդամենը մի քանի ամիս են միմյանց հետ շփվում և միմյանց դեռ կարգին չեն հասցրել ճանաչել, ուղղակի տարօրինակ կթվա, եթե նստեն ու քննարկեն մինչև թոշակի տարիք իրենց կյանքի հեռանկարները:
Այդ իմաստով «Ժառանգություն»-ը միանգամայն իրավացի լինելով ռազմավարական փիլիսոփայության տեսանկյունից՝ թերևս թույլ է տալիս մարտավարական վրիպում և անհարկի հավակնություններով խոչընդոտում է Հայաստանի քաղաքական կյանքի համար մշակութային նոր որակի տարրեր պարունակող քաղաքական միավորման կայացումը: Բանն այն է, որ հատկապես նախընտրական փուլում շատ դժվար կլինի երկու կուսակցությունների համար պայմանավորվել գաղափարական տևական դաշինքի շուրջ, հետևաբար խորհրդարանի ընտրությունը պետք է դիտել ընդամենը հանգրվաններից մեկը ու դրանից հետո շարունակել բանակցությունը, եթե այդ հանգրվանը հաջողվի արդյունավետ կերպով հաղթահարել: Ընդ որում, արդյունավետը, իհարկե, այն չէ, որ դաշինքը կամ պոտենցիալ դաշինքը անցնի անպայման խորհրդարան: Արդյունավետությունը տվյալ պարագայում կլինի այն, թե հանրային ընկալման առումով ինչպիսի արձագանք կլինի, և այդ արձագանքի տեսանկյունից ինչպես կպահեն իրենց կողմերը: Այսինքն՝ հատկապես նախընտրական բարդ ժամանակահատվածում փաթեթային խնդիրներ դնելը թերևս մարտավարական սխալ է, որը կարող է ռազմավարական ամենաառողջ նպատակն անգամ վտանգել:
Մյուս կողմից, սակայն, հասկանալի է կարծես թե նաև այն, թե ինչու է «Ժառանգություն»-ն այդ հարցում դարձել հավակնոտ: Բանն այն է, որ այդ կուսակցությունն ունի, այսպես ասած, նախագահի քիչ թե շատ ռեալ թեկնածու՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, ի տարբերություն «Ազատ դեմոկրատներ»-ի, որը նախագահի սեփական թեկնածուի հավակնություններ կարծես թե չունի՝ նրա, այսպես ասած, կրեդոն խորհրդարանի ընտրությունն է: Այդ համատեքստում «Ժառանգություն»-ն ակնհայտորեն փորձում է ստանալ նաև համաձայնություն նախագահի ընտրության կապակցությամբ, այն է՝ «Ազատ դեմոկրատներ»-ը կսատարի այդ ընտրությանը Րաֆֆի Հովհաննիսյանին:
Ահա այստեղ է թերևս այն գլխավոր խնդիրներից մեկը, որը ձգձգում է նախընտրական դաշինքի շուրջ համաձայնությունը: Մինչդեռ դա կարող է իսկապես ֆալստարտ լինել այդ ուժերի համար, և այդ առումով թերևս «Ազատ դեմոկրատներ»-ը իրավացի կլինի, եթե բացառի «Ժառանգության» հետ խորհրդարանի ընտրության նախընտրական գործակցության հարցում անդրադարձը դրանից մի քանի ամիս անց կայանալիք նախագահի ընտրությանը:







































