Մուամար Քադաֆիի կառավարությունը ժամանակին օգտագործել է արտերկրում իր դեսպանատները` զենք պահելու համար: Զենքը փոխադրվել է դիվանագիտական փոստի միջոցով: Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը` հղում կատարելով Լիբիայի ներկայիս փոխարտգործնախարար Մուհամադ Աբդ Ալ-Ազիզին:
Վերջինս նաև հայտարարել է, որ զենքն այդ խողովակներով տեղափոխվել է նաև Աֆրիկայի, Ասիայի և Եվրոպայի մի շարք երկրներ:
Ըստ Ալ-Ազիզիի հայտարարության` խոսքը երկու-երեք պետությունների մասին չէ: «Ոչ ոք չգիտի, թե որոնք էին նման գործողությունների վերջնանպատակը` արդյոք զենքը պետք էր այդ երկրներում որոշակի խնդիրներ լուծելո՞ւ համար, թե՞ այն կարող էր օգտագործվել հենց լիբիացիների դեմ: Ոչ ոք չգիտի: Նախորդ ռեժիմի դեպքում ամեն ինչ հնարավոր էր»,- ասել է նա:
Վերջին վեց ամիսների ընթացքում զենք և պահեստամասեր հայտնաբերվել են Հունաստանում, Եգիպտոսում և Մարոկոյում Լիբիայի դեսպանատներում:











































