Դալմայի այգու տարածքում նոր ավտոմայրուղին կվերացնի այգիների մեծ մասը: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Դալմա Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզան Ղազարյանը`անդրադառնալով Դալմայի այգիների տարածքում նախատեսվող ավտոմայրուղուն: Նա նշեց, որ ավտոմայրուղին կվերացնի Դալմայի այգիների մի մեծ կանաչ զանգված, ամենականաչ ու լավ մասը:
«Եթե կառավարությունը դնի Դալմայի այգիները շինարարության տակ, այդ կործանիչ նախագիծն իրականացնի, մենք կարող ենք միայն հերթական անգամ միջազգային կազմակերպություններին դիմել, որպեսզի միջոցներ ձեռնարկեն»,- մեկնաբանեց Ռ. Ղազարյանը` հավելելով, որ մեր երկիրն անխնա է վերաբերվում պատմամշակութային հուշարձաններին և կանաչ տարածքներին:
Հիշեցնենք, որ երեկ կառավարության նիստում հաստատվել է Դալմայի այգու տարածքում նոր ավտոմայրուղի կառուցելու մասին որոշումը: Ինչպես ներկայացրել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև, ավտոմայրուղի կառուցելու նպատակով Երևանի քաղաքապետի առաջարկությամբ հօգուտ «Սահակյանշին» ՓԲԸ-ի ուղղակի վաճառքով Ծովակալ Իսակովի պողոտային հարող հատվածում 5.3 հա հողամաս կօտարվի, որից ստացված միջոցներն ամբողջությամբ կուղղվեն Երևան քաղաքում Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև ընկած հատվածում 2.6 կմ երկարությամբ ավտոմայրուղու և շուրջ 1.9 կմ ուղետարների կառուցման կապիտալ ծախuերի ֆինանuավորմանը։
Մեզ հետ զրույցում Ռ. Ղազարյանը նաև հավելեց, որ Դալմայի այգիների վերացման հարցով հարցում են ուղարկել ՀՀ վարչապետին 2006թ. 774ա որոշման վերաբերյալ, առ այսօր վարչապետը չի պատասխանել: Դալմայի այգիների բնապահպանները դիմել են նաև արդարադատության նախարարին` խնդրելով պատասխանել, բայց այդ հարցմանը նույնպես չեն ցանկանում պատասխանել:









































