Մեր իրականությունում «ծրագրավորում» մասնագիտությունը համեմատաբար նոր հասկացություն է և հիմնականում ասոցացվում է տղամարդու կերպարի հետ, կին ծրագրավորողների համեմատաբար քիչ ենք հանդիպում:
Մասնագիտությամբ ծրագրավորող Մարինա Մելքոնյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իր մասնագիտությունն այնքան էլ կանանց համար չի, քանի որ շատ է ժամանակ խլում: «Ծրագրավորումն ընդհանուր ազդում է մարդու մտածելակերպի վրա: Ի՞նչ է նշանակում ծրագիր գրել. նշանակում է խնդիր դնել և գտնել դրա օպտիմալ լուծումը, և մարդ կյանքում էլ սկսում է նույն կերպ խնդիրներ դնել ու լուծել: Եվ դա դրական է»:
Մ.Մելքոնյանի խոսքով՝ ամեն մասնագիտություն ունի դրական և բացասական կողմեր: «Ծրագրավորողի բացասականն այն է, որ երբ խնդիր է լինում, անկախ ամեն ինչից անընդհատ մտածում ես այդ ուղղությամբ: Իսկ կնոջ առաջնային խնդիրները՝ մայր, կին և այլն, որոշ չափով տուժում են, և այդ լուծում գտնելը դառնում է առաջնային»:









































