Վրաստանում խստացված այլատյացության մասին օրենքի անհրաժեշտություն կար: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը` խոսելով շրջանառության մեջ դրված օրենքի շուրջ:
Հիշեցնենք, որ արդեն շաբաթվա սկզբին շրջանառության մեջ է դրվել այլատյացության և կրոնական անհանդուրժողականության հողի վրա կատարված հանցագործությունների համար Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների փաթեթը:
Օրենքի խստացման համաձայն` հանցագործության ազգային կամ կրոնական դրդապատճառներն այսուհետ դիտարկվելու են որպես ծանրացուցիչ հանգամանք։ Քրեական պատիժ է սահմանվում նաև այլազգիների նկատմամբ վիրավորանք պարունակող հրապարակային հայտարարությունների և հրապարակումների համար:
Առնոլդ Ստեփանայնը տեղեկացրեց, որ «Բազմազգ Վրաստան» կազմակերպությունը արդեն հինգ տարի է՝ պայքարում էր, որ այս օրենքն ընդունվի, քանի որ օրենքի խստացման անհրաժեշտություն կար: «Եվրախորհրդի մի քանի կազմակերպությունների խորհրդով և ճնշումների համաձայն՝ այս օրենքը դրվեց շրջանառության մեջ: Ժամանակի ընթացքում երևաց, որ հասարակության շրջանում նման օրենքի պահանջ կա, նաև պետությունը պահանջ ունի, որպեսզի վրաց հասարակությունը զարգանա, պետությունն է, այլ կերպ ասած, միջամտում, որ հասարակությունը զարգանա: Վրաստանում շատ մեծ ռիսկ կա նաև միջկրոնական կոնֆլիկտների մեկնարկի, և տարբեր երկրներ հետաքրքրություններ ունեն և ցանկանում են շահեր ստանալ։ Այս օրենքն անհրաժեշտ էր դրությունը մեղմելու համար»,- մեկնաբանեց «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավարը: Նա նաև հույս չհայտնեց, թե օրենքը կընդունվի: Չբացառեց նաև օրենքի շուրջ բուռն քննարկումները:









































