The Washington Post-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսը պատրաստում է մի օրինագիծ, որը արտասահմանյան բանկերին կպարտադրի իրազեկել Իրանի ֆինանսական ինստիտուտների հետ իրենց օպերացիաների մասին:
Ամերիկացի օրենսդիրները կասկածում են, որ արտասահմանյան բանկերը կարող են թաքցնել ԱՄՆ-ի պատժամիջոցների ոլորտում հայտնված Իրանի բանկերի հետ իրենց գործարքները: Այս օրինագծի ընդունման դեպքում ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը կարող է պատժել արտասահմանյան բանկերին: Միևնույն ժամանակ չի նշվում, թե ինչ կերպ կարող է դա տեղի ունենալ:
Հիշեցնենք, որ ավելի քան 2 ամիս է, ինչ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի Կենտրոնական բանկի և ազգային բանկերի նկատմամբ: Վաշինգտոնը միջազգային բանկերին զգուշացրել է, որ կպատժի նրանց, եթե նրանք Իրանի հետ իրենց ֆինանսական օպերացիաների ժամանակ օգտվեն դոլարից:











































