Երբ եվրոպական կառույցները Հայաստանին հորդորում են շարունակել բարեփոխումների ուղին, Հայաստանի հասարակությունը զարմանում է այդ կառույցների միամտության վրա. իբր Հայաստանում բարեփոխումների ուղի եղե՞լ է, որ հիմա էլ հորդորում են շարունակել: Բայց իրականում հազիվ թե եվրակառույցները այդքան միամիտ են ու չեն հասկանում, որ իրական բարեփոխումները Հայաստանում վաղուց են արգելակվել: Սակայն խնդիրն այստեղ այդքան էլ միարժեք չէ:
Բանն այն է, որ այդ կարևորագույն հարցն ունի մի քանի շերտեր, որոնցից կարևորներից մեկն այն է, որ Հայաստանի բարեփոխումների ընթացքը առաջ մղելու համար անհրաժեշտ է նոր հասարակական գիտակցություն և մտածողություն, որն էլ կձևավորի նոր պահանջարկ: Պարզ է, որ ամենից կարևորը քաղաքական կամքն է: Բայց, ցավոք, պարզ է նաև, որ Հայաստանի իշխանությունն այդ կամքը չունի և իրական բարեփոխում կանի միայն հանրային ճնշման պարագայում: Միայն հանրային, և ամենևին ոչ արտաքին, որովհետև արտաքին ճնշման դեպքում Հայաստանի իշխանությունը պարզապես ինքնամոռաց և անձնուրաց պաշտպանություն կփնտրի Մոսկվայում: Եվրոպական կառույցները այդ ամենը շատ լավ հասկանում են, և պարզապես պետք է լինել շատ ավելի իրատես ու հասկանալ, որ այդ կառույցները չեն Հայաստանում ժողովրդավարություն հաստատելու կամ իրական բարեփոխումներ ապահովելու: Դա պետք է անի հանրային պահանջարկը, հասարակական գիտակցությունը:
Հայաստանում իրական բարեփոխումներ եղան 1990-ականների սկզբներին, որովհետև հասարակությունն էր պահանջում դա, որովհետև անկախության ձեռքբերմանը զուգահեռ կար ստեղծագործելու, արարելու, սեփական կյանքը կառուցելու հասարակական բուռն ձգտում, խանդավառություն, հավատ ապագայի հանդեպ, ինչն էլ հանրային պահանջարկի տեսքով ուղղակի կամ անուղղակի ստիպում էր իշխանությանը գնալ կառուցվածքային էական բարեփոխումների և կերտել նոր հասարակության, նոր հասարակարգի, այսպես ասած, կմախքը: Բայց, ցավոք սրտի, այդ կմախքը չստացավ բովանդակություն, որովհետև հանրային պահանջարկը նվազեց, որովհետև սոցիալական բարդություններին զուգահեռ, հասարակությունը ոչ թե էլ ավելի պահանջատեր դարձավ, այլ հեռացավ, արտագաղթեց, ու բարեփոխումներն աստիճանաբար կանգ առան, վերածվեցին ձևականության, արարողակարգի, որովհետև չկար իրապես պահանջատեր հասարակություն, այլ կար կա՛մ հեռացող, կա՛մ հարմարվող, կա՛մ հիասթափված հանրույթ:
Երկրորդ սերնդի բարեփոխումները Հայաստանում իրապես կսկսվեն այն դեպքում, այսինքն` կառուցվածքային բարեփոխումները բովանդակային համալրման և լիցքավորման փուլ կմտնեն այն դեպքում, երբ ձևավորվի այդ պահանջատեր հասարակությունը, երբ հասարակությունը իր գիտակցությամբ, իր մտածողությամբ պահանջի այդպիսի բարեփոխումներ: Այլապես իշխանությունը շարունակելու է մնալ արարողակարգի շրջանակում, իսկ եվրակառույցներն էլ շարունակելու են ընդամենը քաղաքականություն խաղալ այդ իշխանության հետ, որովհետև հակառակ դեպքում խաղը կավարտվի հօգուտ Ռուսաստանի:
Ահա սա է իրավիճակը, և Հայաստանի հասարակությունն ու քաղաքացիական շրջանակները, նաև քաղաքական ուժերը, եթե իրապես ցանկանում են բովանդակային բարեփոխումների փուլ մտցնել երկիրը, պետք է ձգտեն հանրային այդ գիտակցությունը վերափոխել և դրա պահանջարկի ուժով ազդել իշխանության վրա: Միայն այդ ազդեցությունից է, որ իշխանությունն այլ ելք չի գտնում, քան կոնկրետ գործը:











































