News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունը կտրականապես հերքել է CNN iReport պորտալի հրապարակած այն տեղեկատվությունը, որում վստահեցվում էր, որ վրացական «Դելտա» ռազմա-տեխնիկական կենտրոնը, որը զբաղվում է սպառազինության մշակմամբ, կարող է աշխատանքներ սկսել նաև ուրանի հարստացման ուղղությամբ:
Վրաստանի էներգետիկայի ու բնական պաշարների առաջին փոխնախարար Մարիամ Վալիշվիլին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Նա ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ այդ տեղեկատվությունն ի հայտ է եկել մարտի 2-ին և կարող է սադրանք լինել՝ ընդգծելով, որ այն չի հանդիսանում CNN-ի կողմից պաշտոնական տեղեկատվություն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ալեքսանդր Խետագուրին հարավկորեական պարբերականներից մեկին տված հարցազրույցի ժամանակ չէր բացառել, որ 30 տարի անց Վրաստանը կզգա ատոմակայանի կարիք:








































