Հայաստանում ներքաղաքական մթնոլորտն այնպիսին է, որ Երևանում օրերս ապօրինի զինանոցի հայտնաբերումը (որի տերն, ի դեպ, Նոր Նորքի ուսանողական հանրակացարանի 47-ամյա պարետ, դաշնակցական Արշավիր Կարապետյանն է) քաղաքական ենթատեքստ ունենալու մտորումների տեղիք է տալիս: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
«Մեր երկրում մթնոլորտն առողջ չէ, լեցուն է կասկածամտությամբ: Նման մթնոլորտում այսօրինակ մեկնաբանությունները բնական են: Միաժամանակ, դրանք ոչ կարող ես հաստատել, ոչ էլ հերքել՝ արդյո՞ք քաղաքական նկատառումներով է ձեռնարկվել ՀՅԴ հետապնդումը, թե ոչ: Սա իրավապահ մարմինների պարզելիք գործն է»,- նկատեց քաղաքագետը:
Հիշեցնենք, որ Երևանում օրերս հայտնաբերված ապօրինի զինանոցի գործով քննությունը հանձնարարվել է Ազգային անվտանգության ծառայությանը: Գործով առայժմ միակ ձերբակալվածը Նոր Նորքի ուսանողական հանրակացարանի 47-ամյա պարետ, դաշնակցական Արշավիր Կարապետյանն է, ում պատկանող շինությունում էր հայտնաբերվել ոստիկանության բնորոշմամբ` աննախադեպ այդ զինանոցը:
Հիշեցնենք` Մոլդովական 12 հասցեում գտնվող կաթսայատանը կից շինությունում փետրվարի 29-ին հայտնաբերվել էին տասնյակ ինքնաձիգներ, 5000-ից ավելի տարբեր տրամաչափի փամփուշտներ, 1 պարկ պայթուցիչ, դիպուկահար հրացան, գնդացիրներ, նռնականետներ, հակատանկային նշանակետի հրթիռներ, հակատանկային նռնակ, մարդու ուրվապատկերով մոտ երեք տասնյակ թիրախներ և այլն: Ոստիկանության բնորոշմամբ, այդ մարտական տեխնիկայով հնարավոր կլիներ զինել մի ամբողջ գումարտակ: Զինանոցը հայտնաբերվել էր օպերատիվ տեղեկությունների հիման վրա կատարված խուզարկության արդյունքում` անձամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մասնակցությամբ:
Զինանոցը պահելու մեջ կասկածվող շարքային դաշնակցական Արշավիր Կարապետյանը, ըստ ՀՅԴ-ի, Ղարաբաղյան պատերազմի մասնակից է:






































